Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բոլորը իր խառնափնթորությամբ նմանություն էր տալիս Ֆաուստի գրասեղանին։

Սենյակը բոլորովին մերկ էր. մի քանի աթոռներ, մի մահճակալ, մի լամպա, գրքերի աստիճանականը, ահա նրա բոլոր կարասիքը։ Այստեղ ապրում էր Ե... գավառի առաջին հարուստի որդին, մի աղքատ ուսանող — Ստեփան Մասիսյանը։ Դուռը զարկեցին, ներս մտավ աղախինը։

— Մի պարոն հարցնում է ձեզ:

— Թո՛ղ մտնե,— ասաց պատանին անփույթ կերպով և շարունակեց իր պարապմունքը։ Ներս մտավ մի ուրիշ պատանի, բավական ճաշակով հագնված, և տեսնելով ուսանողին, ապշած կանգնած մնաց։ Ուսանողը, գլուխը վեր բարձրացնելով, ոչ սակավ զարմացմամբ սկսեց նայել եկվորի վրա։

— Ա՜խ, այդ դուն ես, Միքայել, ինչպես փոխվել ես, հազիվ ճանաչեցի,— գոչեց նա և գրկեց եկվորին։

Միքայելը մի բառ անգամ խոսել չկարողացավ։

— Ո՞րտեղից որտեղ... դո՞ւ, Մոսկվայո՞ւմ... ի՞նչպես հայտնվեցար այստեղ, —հարցրուց ուսանողը, չթողնելով նրան իր գրկեց

— Դե՛, հիմա նստենք, պատմիր։ Նստեցին միմյանց հանդեպ։ Միքայելը պատմեց, թե ինքը որպես օգնական ուղարկված էր նրա հոր գործակատարի մոտ, որը տկարության պատճառով մենակ չէր կարողանում կատարել գործերը։ Մոտավորապես մի տարի կլինի, որ ինքը գտնվում է Մոսկվայում և այդ միջոցին միշտ ցանկացել է տեսնեք Ստեփանին, բայց չէ կարողացեք, որովհետև աղան սաստիկ հրաման էր գրել գործակատարին, որ ամեն կերպ արգելե Միքայելի հարաբերությունները իր որդու հետ, որ որդին միգուցե «փչացնե և խելքից հանե» իր ծառայողին: Բայց գործակատարը քանի օր առաջ մեռավ և նրան թաղել տալուց հետո իսկույն վազեց Ստեփանի մոտ։

— Շատ վատ մարդ էր,— ավելացրեց Միքայելը, մի րոպե ևս աչքից չէր հեռացնում ինձ։

— Ես չեմ ճանաչում այդ անպիտանին,— պատասխանեց Ստեփանը արհամարհական կերպով.— դու այն ասա՛, հիմա ինչ ես շինում այստեղ։

Միքայելը հայտնեց, թե ինքը այժմ կատարում է մեռնող գործակատարի պաշտոնը, թե նա իր կենդանության ժամանակ գրել