Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր աղային, որ ես կարող եմ կառավարել նրան հանձնված գործերը, և արձակուրդ էր խնդրել, որ աղան թույլ տա նրան ժամանակավորապես վերադառնալ իր տունը առողջությունը ուղղելու համար, որովհետև Մոսկվայի օդը վնասում էր նրան, բայց աղան թույլ չտվեց և այնքան տանջվեցավ, մինչև մեռավ։

— Այս բոլոր փոփոխությունների մեջ այսքանը միայն լավ է,— խոսեց Ստեփանը,— որ դու այստեղ կմնաս, և ես առիթ կունենամ կրկին քեզ հետ պարապվելու։ Դու խո չե՞ս թողել կարդալու սերը։

— Չէ՛, Ստեփան,— ասաց Միքայելը աշակերտի ամոթխածությամբ,— ես կարդում էի, միշտ կարդում էի այն գրքերը, որ դու ինձ տվեցիր։

Միքայելը զարմանում էր, որ նա իր հոր, մոր և քույրերի մասին ոչինչ չէր հարցնում և իրանց տան դրությունովը չէր հետաքրքրվում։

— Նամակ ստանո՞ւմ ես տնից,— հարցրուց նա։

— Ոչ, և չեմ ցանկանում ստանալ,— պատասխանեց Ստեփանը սառնությամբ.— ի՞նչ կա, բոլորը նույնը կլինի, ինչ որ տեսել եմ։ Այնպես չէ՞։

— Այսպես է։ Դու էլ չե՞ս գրում։

— Չեմ գրում։

Միքայելին ավելի անհանգստացնում էր Ստեփանի աղքատ կեցությունը, որ աչքի էր ընկնում չքավորության բոլոր դառնությամբ։ Բացի դրանից, նա ամենևին առողջ չեր երևում. պատանեկության առույգ հասակի մեջ ուժաթափվել և մաշվել էր նա, որպես մի կմախք։ Աշխատությունը, ծանր, անընդհատ աշխատությունը համարյա սպառել էր նրա մեջ կենդանական ամեն զորություն։ Սենյակը, որի մեջ բնակվում էր նա, բոլորովին զրկված էր կրակից և ջերմությունից, որ իր խոնավությամբ մթին գերեզմանի նմանություն էր բերում, բավական էր սպանելու նրա առողջությունը։ Սարսափելի է լինում ուսանողի դրությունը, երբ նա պետք է սովորե և պետք է միևնույն ժամանակ պատերազմե աղքատության հետ։ Ամենաթանկագին ժամերը, որ պիտի նվիրված լինեին ընտրած մասնագիտությունը ուսումնասիրելու համար, մասամբ զոհվում են կողմնակի պարապմունքների, որ նա ծախսելու փող ունենա, որ նա քաղցած չմնա։ Միքայելին չէին կարող նկատելի չլինել այս բոլորը, և նա խիստ մտերմությամբ հարցրուց.

— Ինչո՞վ ես ապրում։