Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞վ, քի՞չ գործ կա, որով կարելի էր ապրել. դասեր եմ տալիս, թարգմանություններ եմ անում, աշխատակցում եմ մի լրագրի։

Միքայելը այժմ այնքան զարգացած էր, որ կարող էր հասկանալ թե իր բարեկամի այս տեսակ երկրորդական պարապմունքները, խլելով նրանից շատ ժամանակ, կթուլացնեին նրա ուսման ընթացքը և, բացի դրանից, բոլորովին կխանգարեին նրա առողջությունը, եթե նա չկազդուրեր իրան հանգստությամբ օրվա մեջ գոնե մի երկու ժամ։ Այս պատճառով առաջարկեց նրան ընդունել իրանից ամեն ամիս մի գումար, որ կարող էր ապահովացնել նրա ապրուսաը։

— Այդ անկարելի է,— պատասխանեց Ստեփանը։

— Ինչո՞ւ,— հարցրեց Միքայելը զարմանալով։

— Ինձ ավելի փող պետք չէ։ Բացի դրանից, քեզ հայտնի է, որ իմ հայրը չէր կամենա, եթե նրա փողերից կտային որդուն։ Բայց եթե այդ բանը ծածուկ կանես դու, երբ նա կհասկանա (և անկարելի է, որ չհասկանա), այն ժամանակ կվնասես քո ասպարեզին։

— Ես իմ փողերից եմ տալու, ես այժմ ռոճիկ եմ ստանում, որը ինձ պետք չէ։

— Հետո պետք կլինի։

Միքայելը սկսեց ավելի թախանձել, որ ընդունե, անպատճառ ընդունե, ավելացնելով, թե ինքը շատ բանով պարտավոր է համարում իրան և ցանկանում է մի փոքր ծառայություն անել իր բարեկամին և շատ պիտի տխրի, եթե իր առաջարկությունը չընդունվի։ Եվ հայտնեց, եթե Ստեփանը չէր ուզում ձրի նվեր ընդունել, կարող է մի ժամանակ ետ դարձնել, երբ ուսումը կվերջացնե, երբ ինքը փող կունենա։

Ստեփանը ուսանում էր բժշկական մասում և համոզված էր, թե իրան սպասում է լավ ապագա, թե կարող էր մի օր վերադարձնել իր ստացած գումարը։ Մյուս կողմից, նա տեսնում էր, որ Միքայելի բարերարությունը բավական դյուրություն կտար իրան ավելի հաջողակ կերպով շարունակել իր ուսումը, որ պահանջում էր ավելի աշխատություն, մինչդեռ հացի համար եղած երկրորդական պարապմունքները զրկում էին նրան գլխավոր աշխատությունից։ Բայց վախենում էր Միքայելին փորձանքի մեջ գցելուց, մանավանդ նա ինքը ասաց, թե աղան առաջուց գրած է եղել մեռնող գործակատարին, որ արգելե ամեն տեսակ հարաբերություն իր որդու և Միքայելի մեջ։