Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դժվար է, Միքայել, շատ դժվար է,— ասաց նա։

—Ոչինչ դժվարություն չկա, ես իմ ռոճիկի հետ կարող եմ վարվել, որպես ես կամենում եմ:

— Բանն այն է, որ չես կարող, միթե չե՞ս ճանաչում իմ հորը, դու ոչինչ սեփականություն չունես, քո անձն էլ մինչև անգամ նրան է պատկանում, քանի որ նրա ձեռքի տակն ես գտնվում:

Երկար խոսելուց հետո երկու բարեկամները բաժանվեցան, և փողի խնդիրը մնաց անվճիռ։

— Դու դարձյալ կգաս ինձ մոտ, այնպես չէ՞,— ասաց Ստեփանը նրան ճանապարհ գցելու միջոցին,— ես կտամ քեզ նոր գրքեր կարդալու համար։

— Կգամ և շուտ-շուտ կգամ։

Միքայելը թեև խոստացավ իր ռոճիկը տալ Ստեփանին, թեև ամենայն սիրով ցանկանում էր օգնել նրան, բայց մի բան չէր մտածում, թե որքան դժվար էր իրագործել։ Նա իր ռոճիկը չէր ստանում, այլ մնում էր աղայի մոտ աճելու համար։

«Որդի, գրում էր նրան Մասիսյանը, ռոճիկը եթե վեր առնես, ի՞նչ պիտի անես, կխարջես, կփչացնես. թող մնա ինձ մոտ, ես կպահեմ և կշահեցնեմ քեզ համար, և վերջի օրումը մի լավ թանխահ կշինեմ, հետո քեզ կտամ»։ Հիմա Միքայելը ի՞նչ եղանակով կարող էր հասկացնել աղային, թե իր ռոճիկը իրան պետք էր, թե կամենում էր ամսեամիս ստանալ, որովհետև նա ծախսի կարոտություն չուներ, նրա բոլոր ծախսը, թե ուտելիքի, թե հագնելիքի և թե կացարանի համար ստացվում էր Մասիսյանի առևտրական տնից, որի մասին նշանակված էր մի որոշ գումար։

Արևելքում վաճառականը և վաճառականությունը միշտ ունեցել են հասարակության աչքում պատվավոր նշանակություն։ Արևելյան վեպերի և առասպելների մեջ «խոջաների» անունները համարյա խալիֆաների անունների չափ հարգելի տեղ են բռնել, որպես առաքինության և արդարության օրինակի։ Եվ հայերը, որպես ասիական վաճառականներ, պետք է անմաս չլինեին այն ազնիվ հատկություններից, որ ունեցել են իրանց հետ հարաբերություն ունեցող մյուս ազգերն, որպիսիներ եղել են պարսիկները, ասորեստանցիք և մանավանդ արաբները։

Եվ իրավ, հայ վաճառականների մեջ դեռևս մնացել են մի քանի գեղեցիկ սովորություններ, որոնք տակավին չեն կորցրել իրանց նահապետական ձևը։ Դրանցից մեկն է վաճառականի մոտ ծառայող գործակատարի որդեգրությունը: Տեսնում ես մի տղա,