Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ռոճիկը, պատճառ բերելով, թե նպատակ ունի գնել վիճակախաղի տոմսակներ և իր բախտը փորձել այդ բանի մեջ։ Նա ստացավ մերժողական պատասխան, աղան հայտնում էր, թե դա «սարսաղություն» է, թե ինքն է նրա բախտը, թե ամեն բան իրանից պետք է սպասե և խորհուրդ էր տալիս իր խրատներին հետևել, որ վերջը կարողանա օրինավոր «մարդ» դառնալ։ Այս պատասխանը սաստիկ զայրացրեց Միքայելին, և պատրաստ էր հայտնել աղային, թե բոլորովին կթողնե իր գործակատարությունը, եթե աղան չհոժարի ընդունելու նրա խնդիրքը։ Բայց նա չգրեց։ Թեև Միքայելը վերջին ժամանակներում բոլորովին ճանաչել էր Մասիսյանի հոգին, թեև ամենևին չէր հավատում նրա խոստմունքներին, այնուամենայնիվ նրանից հեռանալ ևս չէր կարող, ոչ այն պատճառով, որ գուցե կզրկվեր աղայի մոտ ունեցած իր փողերից, ո՛չ, բայց կար մի առանձին պատճառ, որ կապում էր նրան որպես Մասիսյանի ընտանիքի, նույնպես և նրա գործերի հետ։ Միքայելը դեռևս չէր մոռացել ծաղիկների այն փունջը, որ ձգեցին նրա սայլակի մեջ, երբ նա հեռանում էր Մասիսյանի տնից...

Բ

Միքայելը կենում էր Մոսկվայի բիրժայից ոչ այնքան հեռու մի աղքատ ընտանիքի մեջ, ուր տվել էին նրան մի փոքրիկ սենյակ, ուտելիքը և սպասավորությունը իրանց վրա ընդունելով։ Փոքրիկ, կոկիկ բնակարանը իր հասարակ և միշտ մաքուր պահված կարասիներով բոլորովին համապատասխանում էր Միքայելի համեստ բնավորությանը։ Այստեղ հանգիստ և ազատ էր զգում նա իրան և երբեմն նստած լուսամուտի հանդեպ, նայում էր դեպի փողոցեն անցնող խայտաճամուկ ամբոխի հոսանքը, տեսնում էր իր առջևից շարված ահագին տները և զարմանում էր, երևակայելով, թե ինքը գտնվում է մի կախարդված աշխարհում, որ իր համար նոր էր, որ իր համար անծանոթ էր։ Այսպիսի րոպեները շատ անգամ նրան հիշել էին տալիս հայրենիքը, նրա միտքը թռչում էր հեռու և հեռու դեպի Արաքսի ափերը, տեսնում էր այնտեղ իրան հովվական ցուպը ձեռին, տրեխները հագած, ահագին մորթե գդակը գլխին, քշում՝ էր գառները դեպի խոտավետ արոտատեղերը։ Ի՞նչ մեծ տարբերություն