Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առևտրական ազատ կոմիսիոների պաշտոն կատարել։

Մասիսյանին սկզբում վրդովեցրուց այս նամակը. առաջին անգամ էր, որ նրա գործակատարը, նրա ստրուկը վստահանում էր նրա հետ այս աստիճան համ արձակ լինել։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Գործը դժվար տեղ էր հասցրել։ «Ես գիտեի, մռնչում էր նա, որ այն անիծածը կբորբոքե նրան»... Այս խոսքերով ակնարկում էր նա Ստեփանին, մտածելով, թե անկարելի էր, որ Ստեփանը հանգուցյալ գործակատարի մահից հետո հարաբերություն չսկսեր Միքայելի հետ, նրանից փող պոկելու նպատակով։ Բայց նրա վրդովմունքը մի փոքր մեղմացավ, երբ ավելի լավ մտածեց նամակի բովանդակության վրա։ Մասիսյանը այն տեսակ մարդերից էր, երբ շահ կար աչքի առջև, նա մյուս վիրավորանքները շուտով մոռանում էր։ Միքայելը հայտնում էր, որ կոմիսիոներությունից գոյացած արդյունքի մի մասը կանցկացնե աղայի հաշվի մեջ. ինչո՞ւ զրկել իրան այդ օգտից։ Բայց մյուս կողմից աղան մտածում էր, որ Միքայելը ինքն էլ կշահվի, ինքն էլ փողի տեր կդառնա, այդ նրան հաճելի չէր կարող լինել, որովհետև նա սիրում էր գործակատարներին միշտ աղքատ տեսնել և աղքատության մեջ պտռում էր նրանց հնազանդությունը։ Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրերը։ Իրան զրկե՞լ օգտից, որ նա էլ զրկված լինի, վճռեց Մասիսյանը։ Այդ անկարելի էր. Միքայելը հայտնում էր, եթե աղան չհամաձայնվի իր պայմանների հետ, ինքը ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առանձին գործ սկսել։ Բայց կորցնել Միքայելի նման մի գործակատար դժվար էր աղայի համար. ոչ ոք չկար, որ նրա տեղը բռներ։ Մասիսյանը ակամայից հայտնեց իր հոժարությունը, բայց մտքումը դրեց իր ժամանակին ուրիշ կերպով պատժել նրան...

Որքան Միքայելի նամակը խիստ էր, այնքան աղայի նամակը մեղմ էր։ Նա հայտնում էր իր հայրական ուրախությունը նրա հառաջադիմության մասին, բարեմաղթում էր ավելի ևս հաջողակ և բախտավոր լինել, թե իր համար պարծանք էր համարում, որ «իր հասցրած» աշակերտը վերջապես «մարդ» է դառնում, և ավարտում էր նամակը, խորհուրդ տալով, որ Միքայելը ավելի լավ կանե, եթե իր կոմիսիոներությունից գոյացած արդյունքից այն մասն ևս, որ իրան է պատկանելու, մտցնե աղայի առևտրական գործի մեջ և վերջը տոկոսով միասին ստանա իր ռոճիկի հետ, երբ աղան նրա համար մի առանձին առևտրական տուն կբացանե։