Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

Միքայելի աշխատությունները այժմ ավելի ծանրացան. նա բացի Մասիսյանի գործերից կատարում էր այժմ ուրիշ վաճառականների բազմաթիվ հանձնարարություններ, շաբաթը երկու անգամ հաճախում էր առևտրական դպրոցը դասեր լսելու, առիթ էր գտնում այս և այն գործարանները տեսնելու և նրանց կազմակերպության հետ ծանոթանալու, իսկ տանը պարապում էր ընթերցանությամբ և շատ փոքր ժամանակ ուներ հանգստանալու։ Այս բոլորը այնքան խորթ, այնքան օտարոտի էին երևում տեղային հայ վաճառականներին, որ Միքայելի վարմունքը ընդհանուր խոսակցության և բամբասանքի նյութ էր դարձել նախանձոտների բերանում։ Մի քանիսը առանձին նամակներով հայտնեցին աղային, թե ինչ «մոլորությունների» մեջ էր ընկել նրա գործակատարը։ Բայց աղան ուշադրություն չդարձրեց նրանց մատնություններին, երբ նոր տարվա սկզբում ներկայացրած ընդհանուր հաշվի ցուցակի մեջ գտավ մի խոշոր թվանշան — 5000 ռուբլի, որ Միքայելը բաժին էր հանել աղային իր կոմիսիոներական գործակատարության արդյունքից։ Նա ստանում էր աղայից ռոճիկ 1000 ոուբլի միայն և նրա բոլոր գործերը կատարելուց հետո 5000 ոուբլի օգուտ էր տալիս, ինչո՞ւ չպիտի գոհ լիներ աղան, երբ շատ էլ ցանկանար, դարձյալ չէր կարող ոչինչ ճնշում գործ դնել Միքայելի վրա, որ այժմ մի կերպ անկախ դիրք էր հիմնել իր համար։

Մոսկվայում կային ամեն կողմից հայ վաճառականներ. Հաշտարխանից, Նոր-Նախիջևանից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից, Ագուլիսից և մինչև անգամ Թավրիզից։ Դրանց օրվա ամեն մի ժամում կարելի էր գտնել բիրժայի առջև, թեև բիրժան փակված լիներ, թեև գործը այնտեղ դադարած լիներ։ Որպես մոլեռանդ բրահման, հայ վաճառականը երբեք չէ հեռանում այդ առևտրական տաճարից և մի առանձին զվարճություն է զգում, նայելով նրա փակված դռների վրա։ Բայց Միքայելը սովորություն չուներ հայտնվել այնտեղ կեսօրից հետո, երբ գործը դադարած էր, և այդ