Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ բարկացնում էր վաճառականներին, որ վերագրում էին նրա հպարտությանը։ Բայց նա առհասարակ խորշում էր այդ վայրախոս և դատարկապորտ հասարակությունից, որ մի ուրիշ զբաղմունք չէր ճանաչում, որ իր հայկական նեղ շրջանից չէր դուրս գալիս, և հավաքվելով այնտեղ, կամ զբաղված էին լինում կոշտկ-կոպիտ կատակներով և կամ կեղտոտ բամբասանքներով էին պարապում։ Հայ վաճառականը շնորհք չունի, որ իր ժամանակը այնպես կարգադրե, որ գործի ժամանակը գործ կատարե, հանգստության ժամանակը հանգստանա, իսկ պարապ ժամանակը մի ուրիշ բան սովորե։ Բացի իր ծանոթ վաճառականությունից, ոչ մի ուրիշ գործ չէ հետաքրքրում նրան. բացի իր հայկական նեղ շրջանից, նա օտար հասարակություն չէ ճանաչում։ Եվ այդ է պատճառը, որ նա միշտ մնում է միակողմանի, անտաշ, անկիրթ և ուր որ գնում է, դարձյալ վերադառնում է իր հայրենիքը նույն ոգով, նույն սրտով և նույն բնավորությամբ, որպես դուրս էր եկել։

Մոսկվայում, որպես ամեն տեղ, մի երկրի հայ վաճառականը սաստիկ ատելություն ուներ դեպի մի օտար երկրացին ընդհանրապես, օրինակ, ղարաբաղցին ատում էր զոկին, զոկը՝ թիֆլիսեցուն և այլն։ Իսկ միևնույն երկրի վաճառականը ատում էր իր երկրացուն մասնավորապես, օրինակ, մի հաշտարխանցի մյուս հաշտարխանցուն չէր կարող համբերել: Ամեն մեկը պատրաստ էր վնասել իր ընկերին, թեև գիտենար, որ օտարին 10 կոպեկ վնաս տալով ինքը 20 կոպեկ պիտի վնասվեր։ Խոսքի անկեղծություն չկար նրանց մեջ. բոլորը մեկ-մեկու խաբում էին, թեև բոլորն էլ ցույց էին տալիս միմյանց սաստիկ մտերմություն։ Դատարկ կյանքը, անգործությունը շինել էր նրանցից մի տեսակ վայրահաչներ, որ մինը մյուսին կծելու սովորություն ուներ։

Տեսնում ես, հայ վաճառականների հասարակությունը խմբված է բիրժայի առջև, ամեն տեսակ ասիական և եվրոպական հագուստներով. նրանք բարձր ձայնով խոսում են, ծիծաղում են, հռհռում են, ամենևին չնեղվելով, թե իրանց վրա կարող էին ուշադրություն դարձնել, թե հրապարակի վրա այդ անվայելուչ էր։ Նրանք պատմում են միմյանց զանազան տեսակ անեկդոտներ կամ պատահած անցքեր, որ ցույց են տալիս ամեն մի երկրացու հատկությունը։

— Գիտե՞ք, մի անգամ «ծառազարդի» տոնին գնացել էինք եկեղեցի,— պատմում էր մի զոկ խորամանկ դեմքով և շիլ աչքերով,— երբ ժամը վերջացավ, դուրս եկանք եկեղեցու բակը, այնտեղ