Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խմբով կանգնած, մտիկ էինք տալիս կնիկներին, մին էլ տեսնենք, բոլոր զոկերը մոտեցան ղարաբաղցի պարոն Ն...ին, և նրա ձեռքը բռնելով, ասեցին, «շնորհավոր տոնակատարություն»։ Ղարաբաղցին զարմացած հարցրուց.— «Ի՞նչ տոնախմբություն, այսօր իմ տոնը չէ»։ —«Ինչպե՞ս չէ,— ասաց մի զոկ,— դու չե՞ս իմանում, որ այսօր Հիսուս Քրիստոս էշի վրա նստած, Երուսաղեմ մտավ»։

Բոլորը ծիծաղում, հռհռում են զոկի հիմար սրախոսության վրա, որովհետև ղարաբաղցուն էշ մականուն էին տալիս, և Քրիստոսը էշով էր Երուսաղեմ մտել, ուրեմն այն օրը պետք է ղարաբաղցու տոնախմբությունը լիներ։

— Սխալվում եք,— ասում է մի վիրավորված ղարաբաղցի այդ անունը իզուր են կպցրել մեզ. հայերի մեջ ամենախելոքը էլի ղարաբաղցին է, թեև նա զոկի սատանությունը չունի, բայց սատանան երբեմն երկու ոտքով է թակարդի մեջ ընկնում։ Լսեցեք, ձեզ պատմեմ, թե ինչ պատահեց մի անգամ մի զոկի հետ այստեղ։

— Պատմեցեք, պատմեցեք,— լսելի է լինում ամեն կողմից։

— Մի անգամ մի զոկ ծախել էր մի ոսկի 100 հակ բամբակ,— ասաց ղարաբաղցին,— ցույց տալու համար նա բաց արեց մի քանի հակեր, որոնք, իհարկե, մաքուր տեսակիցն էին. մի ուրիշ զոկ, զոկերի սովորությանը համեմատ, մատնեց ընկերին, մուշտարուն հայտնելով, թե բոլոր հակերը ցույց տված օրինակի համեմատ չեն։ Մուշտարին ստիպվեցավ բաց անել տալ ուրիշ շատ հակեր. տեր աստված, ի՞նչ ասես չէր դուրս գալիս հակերի միջից. մաշված ավելներ, փայտե կոտրած գդալներ, հին քոշեր, փալասի կտորներ և հանկարծ դուրս է գալիս մի հակի միջից էշի մի ահագին փալան։ Այս անգամ ռուսը այլևս համբերել չկարողացավ, և դառնալով դեպի զոկը, ասաց. «Այդ երևի, ձեր հոր վերարկուն է»... Զոկը առանց կարմրելու պատասխանեց.— «Мая атец болшой кухни син (ուզեց ասել, թե իմ հայրը մեծ օջախի որդի է), если он ешак бл. мне такой товар не бл. (այսինքն` եթե նա էշ լիներ, ես այսքան ապրանք չէի ունենա)։

Զոկերը բավական կոտրվեցան ղարաբաղցու պատմությունով. բայց դարձյալ աշխատում էին հաստատել, թե իրանց հայրենակցի արածը մի խելոքության էր, թե էշի հին փալանը ոչինչ արժեք չունի, բայց եթե նրան հաջողվեր բամբակի տեղ անցկացնել, բավական կշահվեր և այլն, և միևնույն ժամանակ պնդում էին, թե էշ մականունը միմիայն ղարաբաղցուն է հատկանիշ, և իբրև փաստ պատմում էին զանազան անեկդոտնեը: