Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի անգամ սաստիկ կարկուտի ժամանակ,— ասում էր մի զոկ,— Ղարաբաղում գյուղացիները հավաքվում են, ասելով, թե մեր սրտերին ինչ լինում է, թող լինի, գնանք գոնե տանուտերի արտը ազատենք։ Եվ ամեն մեկը վեր է առնում իր տնից, որը մի փալաս, որը մի կապերտ, որը մի յորղան, որը իր յափունջին, վազում են դեպի տանուտերի արտը, և փռում են նրա վրա. ցորենի հասկերը գյուղացիների ոտքի տակ ջարդվում են, տրորվում են և գետնին հավասար են դառնում։ Այդ էշություն չէ՞,— հարցնում է զոկը, դառնալով դեպի ղարաբաղցին։

— Բայց այն մոռացե՞լ եք,— պատասխանում է ղարաբաղցին,— որ զոկը պանիրը դնում է բանկայի մեջ, դրսից հացը քսում է բանկային և ուտում, երևակայելով, թե պանիր է ուտում։ Մի անգամ որդին գալիս է տեսնում է դուքնի դուռը փակ է, հացը քսում է դռանը և այնպես ուտում. հայրը վրա է հասնում.— «Ի՞նչ ես անում»,— հարցնում է նա։— «Պանիր եմ ուտում, հայր»,— պատասխանում է որդին։— «Փչացած, չէի՞ր կարող համբերել, մինչև ես գայի, հիմա բոլոր պանիրը կերած կլինես»,— ասում է հայրը և սկսում է որդուն ծեծել։

Հետո պատմում են այն առակը, թե ինչպես ղարաբաղցի գյուղացիները «ղավուրման» ցանել էին արտումը, որ ոչխար բուսներ, և քանի օրից հետո գնացել, տեսել էին, որ մրջիմները հավաքվել են ցանված ղավուրմայի վրա, և ուրախանալով ասել էին. «Հիմա որ պստիկ են այսքան են, երբ մեծանան, ոչխարի սուրուներ կունենանք»։

Նույն միջոցին մի հաշտարխանցի մեջ է մտնում, կամենում է խոսել։

— Դու սուս կա՛ց,— ասում են նրան,— հաշտարխանցին հենց որ խոսեց, ղալմաղալ կսարքե. հաշտարխանցին միշտ «պրաշենիան» ծոցումը պատրաստ ունե։ Մի անգամ մի հաշտարխանցի գտնում է մի ծրար լիքը թղթադրամով. «Փո՛ւ,— ասում է,— ես կարծում էի կռվի թղթեր են»։

Նոր-Նախիջևանցին կամենում է պաշտպանել հաշտարխանցուն։— Դուք երկուքդ մի հարազատ հոր որդիք եք,— պատասխանում են նրան,— այն զանազանությամբ միայն, որ հաշտարխանցին իստակ ռսացել է, բայց նոր-նախիջևանցին դեռ ոչ ռուս է, և ոչ թաթար։

Մեջ է մտնում թիֆլիսեցին։

Նրան ասում են,— վրացին խո խելք չունի, բայց թիֆլիսեցին