Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հավի խելք ունի։ Մի թիֆլիսեցի Կ. Պոլսում շատ էր ցանկանում կարմիր լոբի ուտել և չէր գտնում. ընկերները նրան ծաղրելու համար առնում են մի քիչ սպիտակ լոբի, ներկում են և տալիս են նրան, լոբին տաք ջրի մեջ իր ներկը կորցնում է և կրկին առաջին գույնն է ստանում։ Մյուս օրը թիֆլիսեցին գրում է իր կնոջը. «Այստեղ կարմիր լոբին շատ վատն է, հենց որ ջրի մեջ գցում ես, սպիտակում է»։

Այս տեսակ հիմար կատակներ էին մեր վաճառականների ամենօրյա խոսակցության առարկան, երբ հավաքվում էին բիրժայի առջև կես օրից հետո, այս տեսակ դատարկախոսություններով նրանք մաշում էին իրանց ժամանակը։ Մի մարդ, որ չէր երևում նրանց մեջ, դա էր Միքայելը։

Դ

Մոսկվայի հայ վաճառականը առհասարակ իրան հեռու է պահում հայ ուսանողներից, որոնք մեծ բազմությամբ գտնվում են այդ քաղաքում, թեև ուսանողը նրա բարեկամը կամ մոտ ազգականը լիներ։ Վաճառականը ատում է ուսանողի ուրախ և վատնող հասարակությունը, որը շատ անգամ նրանից փող է առնում, երբեք վերադարձնելու մասին չմտածելով։ Միայն Միքայելն էր, որ հարբարերություն ուներ ուսանողների հետ և Ստեփանի միջոցով շատերի հետ ծանոթ էր։ Ինչպես նրա հորեղբայր Ավետը գյուղացիների մոտ այնքան հարգանք էր վայելում, որ բոլորը նրան «ապեր» էին կոչում, այնպես էլ Միքայելը միևնույն կոչումն էր ստացել ուսանողներից։ Հարկավոր էր բարեգործական նպատակով մի ներկայացում տալ, հարկավոր էր մի աղքատ կամ հիվանդ ուսանողի համար հանգանակություն հավաքել,— Դիմենք «ապորը»,— ասում էին ուսանողները,— նա վաճառականներից մի բան կգջլե։

Մի գիշեր Միքայելի փոքրիկ սենյակը սովորականից ավելի կենդանացած էր, հավաքված էին մի քանի երիտասարդ վաճառականներ, ծխում էին և խոսում էին։ Ճրագի աղոտ շառավիղները հազիվ լուսավորում էին փոքրիկ սենյակի մառախուղը, որ թանձրացած էր ծխից և թեյի մեքենայից բարձրացող շոգիներից, որը եփ էր գալիս սեղանի վրա։ Ինքը Միքայելը ածում էր գավաթները և մատուցանում էր իր հյուրերին։