Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքից,— խոսեց մի ուրիշը»— քանի օր առաջ մոտեցնում են մի թերթ, «ստորագրեցեք մի բան, ասում են, հօգուտ Ալաշկերտի գաղթականների հենց որ լսեցի, իծաներս հավաքվեցան, բերանս բաց արեցի. տո՛ հեռացեք, ասեցի, ձեր էլ․․․ ալաշկերտցու էլ...

Միքայելը այլևս համբերել չկարողացավ։

— ՉԷ կարելի այսպես անգթությամբ վերաբերվել դեպի ազգային գործերը,— ասաց նա վրդովված ձայնով.— ազգի յուրաքանչյուր անդամը պարտավոր է իր կարողության չափով նպաստել ընդհանրությանը. մենք փող ունենք, պետք է փողով օգնենք, նրանք (ուսանողները) խելք ու գիտություն ունեն, պետք է խոսքով օգնեն, մի ուրիշը սիրտ ունի, պետք է զորավոր բազուկներով օգնի, ամեն մի հայ իր ունեցվածքից չպիտի խնայե, և երբ բոլորը այսպես կվարվեն, այն ժամանակ տաճկաստանցի հայը կարող կլինի ազատ շունչ քաշել։

— Լավ, լավ,— նրա խոսքը կտրեց հյուրերից մեկը.— ազգային գործերը մի կողմ դրեք, մենք մեր բանի վրա մտածենք։ Բերեք կարտերը։

— Ես, իրավն ասեմ, այժմ խաղալու ամենևին ախորժակ չունեմ,— պատասխանեց Միքայելը։

— Այդ խոսքով կամենում եք ասել, թե վեր կացեք և գնացեք։ Մենք այստեղ քարոզներ լսելու համար չենք եկել,— խոսեց հյուրերից մեկը, կանգնելով։

— Եթե իմ տունը ձեզ ձանձրացնում է, համեցեք, ձեզ զոռով այստեղ ոչ ոք չի պահում։

Հյուրերը դժգոհությամբ հեռացան․ մնացին նրանցից երկուսը միայն։ Դրանք երիտասարդ վաճառականներ էին, այն տեսակներից, որոնք թեև մի բան հասկանում են, բայց դեռ նահապետական պատկառանքով համարձակություն չունեն հակառակել իրանցից հասակավորներին, թեև վերջինների հայտնած միտքը բոլորովին սխալ կամ վնասակար լիներ, և այս պատճառով բոլոր խոսակցության ժամանակ նրանք լուռ էին։ Բայց երբ մենակ մնացին Միքայելի հետ, լեզուները բացվեցան։

— Ա՜խ, որքան մեռած, որքան անկարեկից սրտեր ունեն այդ մարդիկը,— ասաց նրանցից մեկը.— ոչինչ չէ գրավում նրանց, ոչնչով չեն հետաքրքրվում, ինչ որ իրանց շահերի կամ իրանց գործերի սահմանից դուրս է։ Ազգ, ագգակից և ընդհանուր մարդկությունը դրանց համար նշանակություն չունեն, երբ նրանցից