Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր մեջ առհասարակ պակասում է այն բանը, ինչ որ կոչվում է վաճառականական գիտություն,— շարունակսց նա։— Մեր մեջ ամեն մի ձեռնարկություն կատարվում է ոչ թե առաջուց խորհած և կարգադրված պատրաստականությամբ, այլ անգիտակցաբար, մինը մյուսի օրինակին հետևելով։ Տեսնում ես, մեկը սկսում է բամբակ գնել, իսկույն մյուսները սկսում են գնել միևնույն մթերքը, առանց որևիցե որոշ հաշիվ աչքի առջև ունենալու։ Մեկը սկսում է մետաքս գնել, շուտով մի մեծ բազմություն հետևում է նրա օրինակին։ Եթե հարցնելու լինես այդ պարոններից՝ ի՞նչու եք առնում, որտե՞ղ պիտի ուղարկեք, նրանք կպատասխանեն. «Կիրակոսը և Մարտիրոսը առնում են, մենք էլ պետք է առնենք, մենք խո նրանցից պակաս չենք»։

— Այդ կատարելապես ուղիղ է։

— Մի բան, որ ժառանգեց նոր սերունդը և որ պահպանում է ամենայն ճշտությամբ, դա է հայրերի խաբեբայությունը։ Վաճառականությունը ավելի ընկնում է այն ժամանակ, երբ խաբեբայությունը ընդունվում է որպես գլխավոր պայման։ Այժմ թե՛ եվրոպական և թե՛ Ռուսաստանի առևտրական հրապարակների վրա մեր երկրի արդյունաբերության անունը կոտրված է, որովհետև բամբակի մեջ, բուրգի մեջ և մինչև անգամ մետաքսի մեջ ինչ ասես խառնում են։ Ոչ ոք չէ հավատում մեզ։ Մեր մթերքը առանց բաց անելու, առանց բոլորը աչքից անցկացնելու, չեն գնում. մինչդեռ եվրոպացին մի փոքրիկ օրինակ ցույց տալով, հարյուրավոր կապված հակեր է վաճառում, և բոլորը դուրս են գալիս ցույց տված օրինակի համեմատ և միևնույն տեսակից։

Միքայելը երկար խոսում էր վաճառականական խարդախությունների վրա և երևան էր հանում հայ վաճառականի բոլոր կեղտերը, որով ապականված է նա, ավելացնելով, թե այդ կեղտը տարածվում է ամբողջ հայ ազգի վրա, որովհետև օտարազգին մեզ ճանաչում է վաճառականների երեսով, որոնք թափառում են երկրագնդի ամեն կողմերում, և մի քանի անպիտանների պատճառով վատ կարծիք է կազմում ամբողջ ազգի մասին, մինչդեռ նրա մեծամասնությունը, որ բաղկացած է արհեստավորներից և երկրագործներից, խիստ բարի և բարոյական մարդիկ են։

— Հիմա տեսեք, ինչ բարիք կարելի է սպասել այդ փչացած և անբարոյականացած հասարակությունից, որի համար ոչինչ բան սուրբ չկա,— ավելացրեց նա,— և մենք զարմանում ենք, վրդովվում