Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս բերեց և դնելով նրա մոտ փոքրիկ կլորիկ սեղանի վրա, հարցրեց.

— Դուք շուտո՞վ կդուրս գնաք։

— Ի՞նչու եք հարցնում։

— Ես կամենում էի կարգի դնել ձեր սենյակը։ Հետո ժամանակ չեմ ունենա։

— Ինձ մնում է դեռ հինգ-վեց նամակներ գրել,— ասաց Միքայելը շարունակելով իր գործը.— Դուք կարող եք, ինչ որ ուզում եք անել։

— Ես գուցե կխանգարեի ձեր պարապմունքը։

— Ընդհակառակն... Ոչ։

Իդան բարձրահասակ և վայելչակազմ մի օրիորդ էր թավախիտ, շիկագույն գիսակներով և պայծառ համակրական դեմքով. նրա ծավի աչքերը կրում էին իրանց մեջ կապուտակ երկնքի և՛ փայլը, և՛ գեղեցկությունը։ Նա այն առավոտ սովորականից ավելի ուրախ էր երևում, և չնայելով որ Միքայելը զբաղված էր, անդադար ընդհատում էր նրա պարապմունքը զանազան հարցերով։

— Ա՜խ, որքան անփույթ եք դուք, ձեզ մոտ ոչ մի բան իր տեղը չէ մնում, ամեն ինչ թավալվում է հատակի վրա,— խոսում էր մանկահասակ օրիորդը, մաքրելով և կարգի դնելով սենյակի իրեղենները։

— Այդ, երևի, ձեզ շատ հոգս է պատճառում, Իդա, ես կաշխատեմ այսուհետև ավելի մաքրասեր լինել,— պատասխանեց Միքայելը ժպտալով։

— Ո՛չ, ինձ հոգս չէ պատճառում, միայն ես սիրում եմ ձեր սենյակը միշտ սարքած տեսնել,— ասաց օրիորդը փոքր ինչ շառագունելով։

— Դուք շատ բարի եք, Իդա։

Օրիորդը վերջացնելով իր գործը, մոտեցավ Միքայելին և ձեռքը դնելով նրա ուսի վրա, սկսեց նրա ետևից գլուխը կռացրած նայել տողերի ընթացքին, թե որպես գրում էր նա, և որպես նրա գրիչը արագ վազում էր փոստայի սպիտակ թերթի վրա։

— Ինչպես ծուռումուռ տառեր են,— ասաց նա իր տեղից շարժվելով և սիրուն գլուխը թեքելով մի արդեն վերջացրած և սեղանի վրա դրած նամակի վրա։— Ամեն օր քանի՞ նամակ եք գրում։

— Երբեմն տասն և երբեմն ավելի։

— Եվ դրա համար էլ ամբողջ գիշերը չեք քնում։

— Դուք ի՞նչ գիտեք։