Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես գիտեմ... ես շատ անգամ նկատում եմ, որ մինչև լույս ձեր սենյակում ճրագը վառվում է և լսելի է լինում ձեր քայլերի ձայնը։ Ես էլ խիստ սակավ եմ քնում...

Միքայելը ոչինչ չպատասխանեց։ Օրիորդը, երևի, փոշմանեց իր միամիտ նկատողությունից և վեր առնելով նամակներից մեկը ասաց.

— Ես ոչինչ չեմ ջոկում, ոչ մի ազգի տառերի նման չեն, բայց գեղեցիկ են։ Ես շատ կցանկանայի սովորել այդ տառերը և այն լեզուն, որով գրում եք։

— Ձեր ինչի՞ն է պետք։

— Գուցե մի օր հարկավոր կլինի պատասխանեց օրիորդը ուրախ ժպիտով և դուրս վազեց սենյակից։ Նա այլևս ետ չնայեց, կարծես ամաչեց իր ասած խոսքերից և, որպես հանցավոր, աշխատեց շուտ հեռանալ։

Միքայելի գրիչը մի քանի րոպե դադարեց գրելուց, նրան տիրեց մի տեսակ հոգեկան խռովություն, «Խե՜ղճ աղջիկ...— մտածեց նա մի առանձին ցավակցությամբ,— ես ինչո՞վ կարող եմ փարատել քո սրտի դարդը»... Միքայելը վաղուց նկատել էր, որ Իդան հետաքրքրվում է իրանով, որ նա շատ անգամ գիշերներն անքուն է մնում, երբ ինքը իր սենյակում զբաղված էր և շատ անգամ մոտենում է նրա լուսամուտներին, որ տեսնե, արդյոք քնա՞ծ է իրանց տնվորը թե ո՛չ։ Այս բոլորը Միքայելը համարում էր մանուկ աղջկա այն հետաքրքրությունը, որ աշխատում է ամեն բան գիտենալ, որպես չի կարող համբերել մինչև չգիտենա, թե իր մոր կողպած պահարանի մեջ ինչ էր թաքցրած։ Բայց այսօր նա պարզ հայտնեց իր սրտի գաղտնիքը, որին չէր սպասում Միքայելը։ նա ցանկանում էր սովորել Միքայելի ազգի լեզուն և գրելը, այն մտքով, «գուցե մի օր հարկավոր կլինեին»... Իդան հանաք չէր անում, նա բավական ծանրամիտ աղջիկ էր։ Նա մտածում էր սովորել հայի լեզուն և հայի դպրությունը, մի հայ սիրելու համար։ Իսկ ո՞վ էր այդ հայը։ Իդան սիրում էր Միքայելին, բայց ո՞րպես պետք էր պատասխանել նրա սերին.— ահա այդ միտքն էր, որ սկսեց տանջել Միքայելին։

Միքայելը իր սրտում չէր գտնում ոչ մի համապատասխան զգացմունք դեպի գեղեցիկ օրիորդի սերը։ Նա միայն հարգում էր նրան որպես մի պատվասեր օրիորդ, որպես աշխատասեր աղջիկ, որ իր վրա էր առել անբախտ ընտանիքի ապրուստի բոլոր հոգսերը։ Միքայելը կարող էր համակրել նրան, բայց սիրե Լ հազիվ թե։