Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ խեղճ աղջիկը շատ պիտի տխրի, երբ կլսի նրա գնալը։ Եվ իրան, Միքայելին, ոչ սակավ ծանր էր բաժանվելը այդ բարի և խաղաղ ընտանիքից, որի հետ այնքան ընտելացել էր նա, ուր անց էր կացրել այնքան ախորժելի ժամեր և ուր գտել էր այնքան քնքուշ խնամատարություն։ Բայց ինչո՞ւ չէր հայտնվում Իդան․ ամեն օր այս ժամին նա թեյ էր ներս բերում, իսկ այժմ ո՞րտեղ էր նա։

Ներս մտավ նրա մայրը։

— Ո՞ւր մնացիք, պարոն,— ասաց նա հետաքրքիր կերպով աչք ձգելով բաց չեմոդանի վրա,— այսօր ճաշին երկար սպասել տվեցիք մեզ։

— Զբաղված էի,— պատասխանեց Միքայելը,— ո՞ւր է Իդան, չէ երևում։

— Նա ինչ-որ իր հալումը չէ այսօր,— ասաց պառավը վշտացած կերպով,— առավոտյան գանգատվում էր, թե գլուխս ցավում է, ամբողջ օրը ոչ կերել և ոչ խմել է, հիմա էլ պառկած է։ Տեր աստված, ի՛նչ կլինի մեզ հետ, եթե նա հիվանդանա։

Եվ ողորմելի պառավի խորշոմներով պատած աչքերում երևացին արտասուքի կաթիլներ։ Միքայելի վրա սաստիկ ներգործություն ունեցան նրա խոսքերը, և մտածեց իսկույն վազել բժիշկ հրավիրելու։

— Իսկ դուք պատրաստվում եք, պարոն, երևի մի տե՞ղ ունեք գնալու,— հարցրեց պառավը փոքր ինչ հանգստանալուց հետո։

— Այո՛, մայրիկ, ես պատրաստվում եմ գնալ իմ հայրենիքը։

— Ե՞րբ։

— Էգուց վաղ-առավոտյան։

Խեղճ պառավը բոլորովին սառած մնաց։

— Ցավալի է, շատ ցավալի է,— ասաց նա դողդոջուն ձայնով,— մեզ հեշտ չի լինի բաժանվել ձեզանից. մենք այնքան սովորել էինք միմյանց, ինչպես որդի սիրում էինք ձեզ։ Հիմա պիտի գնաք․․․

— Ո՞վ գիտե, գուցե շուտով կվերադառնամ,— մխիթարում էր նրան Միքայելը։

— Թող աստված հաջողություն տա ձեզ, որդի, գնացեք, ուրախացրեք ձեր ծնողներին։

Պառավը չգիտեր, որ Միքայելը զուրկ է ծնողներից, որ նա որբ է մնացել հենց երեխայության ժամանակից։

— Ի՞նչ պետք է անել Իդայի հետ,— հարցրեց նա,— կարելի է նա ծանր հիվանդ է, կարելի է բժիշկի պետք ունի։