Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստված գիտե, որդի, նա ոչինչ չէ ասում, այդ նրա հին սովորությունն է. տեսնում ես, գունատվել, դեղնել է ինչպես աշնան տերև, բայց չէ ասում, թե որտեղն է ցավում և տանում է իր հիվանդությունը միշտ ոտքի վրա և չի էլ դադարում գործելուց։

— Կարելի՞ է մտնել նրա մոտ։

— Ինչո՞ւ չէ, գնանք։

Միքայելը պառավի հետ ներս մտան կից սենյակը, ուր մանկահասակ օրիորդը առանց հանվելու պառկած էր վարագույրներով առագաստավորված մահճակալի վրա։ Մայրը ետ քաշեց վարագույրը, և ճրագի լույսը ընկավ նրա բորբոքված դեմքի վրա, որ վառվում էր տենդային շառագունությամբ, իսկ աչքերի մեջ փայլում էր անբացատրելի կրակ։

— Ի՞նչ է պատահել ձեզ հետ, Իդա,— հարցրեց Միքայելը, սաստիկ սարսափ զգալով իր մարմնի վրա։

— Ոչինչ,— պատասխանեց օրիորդը թույլ ձայնով,— փոքր ինչ տաքություն եմ զգում, և գլուխս կրկին սկսեց ցավել, բայց կանցնի, այսպես շատ անգամ է պատահում ինձ հետ։

Նա դարձյալ գլուխը դրեց բարձի վրա, կարծես կամենում էր ցույց տալ, թե պետք էր իրան հանգիստ թողնել։ Մայրը ձեռքից բաց թողեց վարագույրը, և նա ծածկվեցավ խորհրդավոր առագաստների ետքում։

— Նա ծանր հիվանդ է,— դարձավ Միքայելը դեպի շվարած մայրը.— ես իսկույն բժիշկ կհրավիրեմ։ Միայն դուք մի հայտնեցեք, թե առավոտյան ես գնալու եմ,— ավելացրեց նա։

— Ես գիտեմ... ես բոլորը գիտեմ...— լսելի եղավ վարագույրի ետևից հիվանդի թույլ ձայնը և նրան հետևեց լացի տխուր հեկեկանք։

Միքայելը չլսեց այդ և առանց ժամանակ կորցնելու հեռացավ. իսկ պառավ մայրը մոտեցավ իր դստերը և սկսեց հանգստացնել նրան։

Կես Ժամից հետո եկավ բժիշկը, նա հայտնեց, թե օրիորդի հիվանդությունը շատ երկյուղալի չէր, թե դա մի թեթև տաքություն էր, որ շուտով կանցներ, միայն պետք էր անխնամ չթողնել, եթե ոչ, կարող էր սաստկանալ։ Նա մի քանի պատվերներ տվեց, դեղեր գրեց և հեռացավ։

Այժմ Միքայելին պետք էր վազել ապտեկը, որովհետև տան մեջ այս ծառայությունը կատարող ուրիշ մեկը չկար։

Գիշերը հիվանդը անցկացրեց տենդային զառանցության մեջ.