Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից փախչելը անհնարին էր: Դա միևնույն չեմոդանն էր, որ առաջին անգամ դրած ճանապարհային սայլակի վրա նա հեռացավ Մասիսյանների տնից. դա հիշեցրեց նրան այն փունջ ծաղիկը, որ երկու աղջիկները աղայի տան կտուրից ձգեցին նրա սայլակի մեջ... և իսկույն Գայանեի և Հռիփսիմեի նազելի դեմքերը պատկերացան նրա երևակայության մեջ...

Նույն միջոցին փողոցից լսելի եղավ կառքի դղրդոցը, և քանի րոպեից հետո Միքայելի սենյակի շեմքի վրա հայտնվեցավ կառապանը:

— Պարոն,— ասաց նա գլուխ տալով.— դուք հրամայեցիք առավոտյան շուտ գալ, ներեցեք, որ մի քիչ ուշացա:

— Լավ, վեր առ այդ չեմոդանը, դուրս տար, մի փոքր սպասիր, ես շատ չեմ ուշանա,— ասաց Միքայելը րոպեական մտածությունից հետո:

Դա նույն կառապանն էր, որին վարձել էր Միքայելը գիշերը բժշկի մոտ գնալու ժամանակ և որին պատվիրել էր վաղ-առավոտյան գալ և իրան տանել երկաթուղու կայարանը:

Հասել էր վճռական ժամը, Միքայելը մի քանի րոպե ևս վարանեցավ, հետո մոտեցավ գրասեղանին, վեր առեց մի կտոր թուղթ և դրեց հետևյալ տողերը.

«Մնաք բարյավ, Իդա, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը, որպես եղբայրական սիրո մի նշան: Դա պետք կգա ձեզ կարոտության ժամերում, երբ դուք կպատրաստվեք տնօրինել ձեր բախտը և ապագան...»

Նա ստորագրեց նամակը և դնելով նրա հետ թղթադրամների մի հաստ ծալք, կնքեց և դուրս եկավ: Մտնելով հիվանդի սենյակը, նա գտավ պառավին դեռ նստած իր դստեր անկողնի մոտ:

— Ես եկա ձեզ մնաս բարյավ ասելու, տիկին:

— Դուք արդեն գնում եք, ձայն տվեց պառավը շփոթվելով:— Կամենո՞ւմ եք, զարթեցնեմ Իդային:

— Մի անհանգստացնեք, այդ կարող է վնասել նրան:

— Ա՜խ, նա որքան կտխրի, երբ կզարթնի և կտեսնի, որ դուք գնացել եք:

— Իդան շատ բարի է, նա կներե իմ անքաղաքավարությունը,— ասաց Միքայելը ձեռքը տանելով դեպի ծոցը և դուրս բերելով հաստ ծրարը.— խնդրեմ, հանձնեցեք նրան այս նամակը:

Միքայելը վերջին անգամ մոտեցավ հիվանդին, երբ նա դեռևս քնած էր: Ոչինչ այնքան հափշտակիչ և կախարդապես հրտպուրող