Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր կարող լինել, որպես այն քնքուշ և սքանչելի մարմինը, որ դրած էր անկողնի մեջ։ Հարուստ և թավախիտ գիսակները կիսով չափ ծածկել էին նրա գունաթափ դեմքը, իսկ նուրբ, կիսաբաց շրթունքը, կարծես թե շշնջում էին հազարավոր գեղեցիկ խոսքեր... Նույն միջոցին նրա մերկ ձեռքը ընկած էր վերմակից դուրս, որպես մի բարեկամական ձեռք, որ պատրաստ էր անջատման ողջույնը ընդունելու։ Միքայելը զգուշությամբ բարձրացրեց այդ ձեռքը, սեղմեց իր շրթունքին, և, վերջին անգամ հայացք ձգելով նազելի դեմքի վրա, հեռացավ։

Պառավը եկավ նրա հետ մինչև տան դուռը և օրհնելով ճանապարհ դրեց։

Նույն ավուր առավոտ մի ուրիշ երիտասարդ ևս, շրջապատված մի քանի ուսանողներով, ճանապարհ ընկավ դեպի Անգլիա։ Ուսանողները համբուրվեցան նրա հետ և ճանապարհ դրին այս խոսքերով. «Գնա՛, հայրենիքի զավա՛կ, թող Վարդանի և Ներսեսի ոգին օգնե քեզ...»։


Զ

Պետրոս Մասիսյանի հանկարծահաս մահը խիստ ցավալի ներգործություն ունեցավ նրա անբախտ ընտանիքի վրա։ Տիկին Մարիամը շվարած, խելքը կորցրած, չգիտեր, թե ինչ պետք էր անել։ Ընտանիքը ոչ մի օրինավոր բարեկամ չուներ։ Հանգուցյալի մերժող, բացասող և եսական բնավորությունը նրան այն աստիճան առանձնացրել էր, որ մեռնելուց հետո մի մարդ չգտնվեցավ, որ նրա անփորձ, անտեղյակ ժառանգներին բարի խորհուրդներ տար անտեր մնացած կայքի մասին։ Ինքը, տիկին Մարիամը, թեև խելացի և հասկացող կին էր, բայց տղամարդի խստությունը նրան այն վիճակի մեջ էր դրել, որ ամբողջ իր ամուսնական կյանքում, տան չորս պատերից դուրս, չգիտեր թե իր տղամարդը ինչով է զբաղված կամ նրա գործերը ինչ դրության մեջ են։ Եվ այս պատճառով, երբ վախճանվեցավ նա, որ ամեն բանի վրա իշխում էր, որ ամեն ինչ կենտրոնացրել էր իր ձեռքում, որ, բացի իրանից, մի ուրիշ տեր չէր ճանաչում, որի կինը, որդին, զավակներն անգամ իր համար օտարներ էին, երբ վախճանվեցավ այդ բռնակալ միապետը, այնուհետև սկսեցին տիրել այն մարդիկը, որոնք հանգուցյալի ձեռքի հաջողակ գործիքներն էին, որոնք կրթված, վարժված