Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կատարելագործված էին նրա դաստիարակության համեմատ,— գողության և խաբեության մեջ...

Մասիսյանի տան միակ բարեկամը մնացել էր Սիմոն Յագորիչը, աղայի մահից հետո ասպարեզը բացվեցավ այդ պոլիցիական հին ավազակի առջևը. նա, որ առաջ աղայի փաստաբանն էր և վարում էր նրա դատաստանական գործերը, այժմ դարձել էր տիկին Մարիամի գլխավոր խորհրդատուն։

Մի գիշեր տիկին Մարիամը և իր երկու աղջիկները` Գայանեն և Հռիփսիմեն, բոլորն էլ սև հագած, հավաքվել էին իրանց սենյակում։ Սիմոն Յագորիչը նստած էր ճրագի մոտ և ահագին ակնոցները հագցրած ահագին քթի վրա, ձեռքումը բռնած ուներ մի կտոր թուղթ, որը երբեմն մոտեցնում էր աչքերին, երբեմն հեռացնում էր և երբեմն ծնկի վրա դնելով թուղթը, խորին մտածության մեջ էր ընկնում։ Նա նմանում էր մի հնագետի, որ նստած լուռ, կիսամաշ արձանագրության առջև, աշխատում է կարդալ անվերծանելի հիերոգլիֆները։ Դա մի հեռագիր էր։ Տիկին Մարիամը և նրա աղջիկները անհամբերությամբ սպասում էին Սիմոն Յագորիչի բացատրությանը, որովհետև, այդ հեռագրիցն էր կախված նրանց թե՛ ուրախությունը և թե՛ տրտմությունը։

Հեռագրի բովանդակությունը խիստ պարզ էր և բաղկանում էր մի քանի տողերից միայն. «Իմ գալը անկարելի է, ես ճանապարհ դրեցի Միքայելին, նա կկարգադրե բոլոր գործերը, որպես հարկն էր»։ Ստորագրված էր՝ «Ստեփան Մասիսյան»։

Հեռագրի սառն, կարճ և լակոնական բովանդակությունը անբավականացուցիչ էր տիկին Մարիամին. մոր հետաքրքրությունը չէր կարող գոհանալ այս մի քանի անսիրտ խոսքերով. «իմ գալը անկարելի է»,— հաղորդում էր որդին. ինչո՞ւ համար անկարելի է, ի՞նչ էր պատահել,— ահա այս հարցերը սկսեցին տանջել մորը։ Մայրը մի ուրիշ պատճառի մասին մտածել չէր կարող, բացի նրանից, թե որդին հիվանդ պետք է լիներ, որ չէր կարողացել կատարել նրա խնդիրքը։

— Ա՜խ, ինչ կլինի պատահած,— ասում էր նա ցավալի ձայնով.— Ստեփանս բարի էր, շատ բարի, նա ինձ մենակ չէր թողնի. ա՜խ, տեր աստված, ի՞նչ կլինի պատահած...

Սիմոն Յագորիչը հանգստացնում էր նրան։

— Օրհնած, հալբաթ մի բան կլինի պատահած, որ չի կարողացել գալ։

Գայանեն և Հռիփսիմեն թեև նույնպես տխրեցին իրանց եղբոր