Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜խ, աստված, ո՞վքեր են կանգնած նրա գործերի գլխին, մի ծծկեր տղա, որը սևը սպիտակից ջոկել չէ իմանում... (Նա ակնարկում էր Միքայելին)։ Ես Սիմոն Յագորիչն եմ, ողջ քաղաքը ինձ ճանաչում է. 22 տարի պոլիցիայում գրագրություն եմ արել, 15 տարի Թ... մովրովի մոտ եմ եղել, մազերս սպիտակել են սուդերումը ման գալով, ամեն զակոնները «հայր մերի» նման իմանում եմ. բայց ինձ էլ բանի տեղ չեն դնում...

Սիմոն Յագորիչը, ինչպես ամեն խորամանկ մարդիկ, սովորություն ուներ միշտ իր «ետևի միտքը» լեզվի տակին պահել, պարզ չխոսել։ Բայց տիկին Մարիամը նկատում էր, որ նա մի բան ասել էր ուզում, միայն կամ չէր վստահանում, կամ թողնում էր, որ տիկինը ինքը հասկանա և առաջարկե նրան։

— Ի՞նչ եք կամենում, Սիմոն Յագորչ,— հարցրեց նա համբերությունը հատնելով։

Ծերունին, մի բուռն ծխախոտի փոշի վեր քաշելով իր քթի պնչածակերից, ոգևորվեցավ, սիրտ առեց և մի քանի անգամ հազալով, կրկին վեր առեց հեռագիրը, և նորից սկսեց բացատրել նրա իմաստը։

— Գիտեք ի՞նչ կա, տիկին, այս հեռագրով Ստեփանը իմացում է տալիս ձեզ, որ իր փոխարեն ուղարկում է Միքայելին հոր գործերը կարգի դնելու համար. կնշանակե, նա իր կողմից տվել է Միքայելին մի թուղթ, որին ասում են դավերնոստ: Բայց օրենքով նա իրավունք չուներ իր մոր կամ քույրերի կողմից տալ մի այսպիսի թուղթ, նա կարող էր միայն իր կողմից տալ։ Եվ այսպես էլ կլինի։ Հիմա մնում է, որ դուք ձեր կողմից և ձեր աղջիկների կողմից մի այսպիսի թուղթ տաք ինձ, այն ժամանակ կտեսնեք Սիմոն Յագորիչը ինչեր կանե ձեզ համար և ոնց ամեն բանը տեղնի տեղը կսարքե...

Տիկին Մարիամը մտածության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո պատասխանեց.

— Տեսնենք... թող Միքայելը գա, կմտածենք...

— Չէ՛, դուք չեք իմանում, տիկին, մտածեցեք, լավ մտածեցեք,— նրա խոսքը կտրեց ծերունի խաբեբան ծանր եղանակով.— այնտեղ, փողոցում ձեր մարդու խանութները «փեչատել» են, դուք տանը հանգիստ նստած եք։ Մարդ կուզե, որ եղած-չեղածը ազատե... Իմանում ե՞ք։

Հանգուցյալ աղայի խանութները կնքելը մի լոկ օրինական ձև էր, մի լոկ կառավարչական նախազգուշություն էր, մինչև նրա