Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այժմ նա ոչինչ բանի չէ ծառայում... ամեն բան վերջացած է...

— Դուք գնացեք, անհոգ կացեք,— պատասխանեց Սիմոն Յագորիչը իր խոսակիցներին։— Ես ամեն բան սարքել եմ, ինչ որ պետք է...

Խոսող խումբը իրանց սև մտածությունների հետ անհետացան գիշերային մթության մեջ։ Դրանք հանգուցյալ աղայի խանութի գործակատարներն էին...

Սիմոն Յագորիչի գնալուց հետո տիկին Մարիամի սենյակը մտան երկու կին դրացիներից, որոնք եկել էին նրան մխիթարելու համար։ Նրանցից մեկը պառավ էր, մյուսը մանկահասակ, որ բավական թարմ և սիրուն դեմք ուներ։

Սովորական խոսակցություններից հետո, որ առհասարակ գործ են դնում սգավորներին մխիթարելու համար, հյուրերից մեկը, պառավը, դարձավ դեպի տիկին Մարիամը այս հարցով.

— Ախար պատմիր, մեկ տեսնեմ, ինչպես պատահեց այդ ցավալի դեպքը։

Պառավի հարցմունքը հանգուցյալ աղայի վախճանի մասին էր. տիկին Մարիամը հարյուր անգամ պատմել էր նրա հրաշալի մահվան պատմությունը, այժմ ստիպվեցավ լցուցանել և իր նոր հյուրերի հետաքրքրությունը։

— Գիշերից բավական անցել էր,— ասաց նա,— Գայանեն և Հռիփսիմեն վաղուց քնած էին, աղայի սենյակում ճրագ չէր երևում. նա էլ քնած էր. ես միայն մնացել էի անքուն, կարծես մի բան, որը ինքս էլ չեմ իմանում թե ինչ էր, խռովեցնում էր ինձ և անհանգիստ էր անում։ Աքաղաղները վաղուց սկսել էին կանչել, ես տակավին նստած էի ճրագի մոտ և կարկատում էի նրա (աղայի) գուլպաները։ Հանկարծ լսում եմ նրա սենյակից մի խուլ ձայն, որ կրկնվեցավ մի քանի անգամ։ Սիրտս սկսեց դողդողալ, և իսկույն վազեցի նրա մոտ։ Տեսնում եմ, խեղճը իր քնած տեղից դուրս է եկել և ընկել է թախտի վրա։ Նա սարսափելի խռովության մեջ էր։ Երբ ինձ տեսավ, վեր կացավ, նստեց։ Ես զարհուրեցա, երբ նկատեցի նրա դեմքը, բոլորովին փոխվել էր, այլանդակվել էր և մահվան գույն էր ստացել, իսկ աչքերի մեջ վառվում էր սոսկալի կրակ:

— Տունս քանդվեցավ...— ձայն տվեց նա ողորմելի կերպով։

— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես սարսափելով և մոտեցա նրա ձեռքերը բռնեցի, որոնցով անխնա ծեծում էր իր գլուխը և փետում էր մազերը։