Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Մարիամի պատմությունը սարսափ գցեց լսողների վրա. Գայանեն և Հռիփսիմեն լաց էին լինում, և նրա հյուրերը նույնպես չկարողացան զսպել իրանց արտասուքը:

— Ի՞նչ էր այդ «ոսկի աքաղաղը»,— հարցրեց նրանցից մեկը։

— Նա մեր տան բախտն էր, մեր բոլոր հարստությունը նրանից էր կախված,— պատասխանեց տիկին Մարիամը։

Տիկինը ոչ սակավ սնահավատ էր, քան թե հանգուցյալ աղան. առհասարակ Մասիսյանների ամբողջ ընտանիքը հավատում էր «ոսկի աքաղաղի» բարերար ազդեցությանը, բացի Ստեփանից։

— Այդ իրավ է- հաստատեց տիկնոջ խոսքը կնիկներից մեկը.— ամեն տան բախտը մի-մի բանի վրա հիմնված է լինում, երբ նա անհետանում է, բախտավորությունն էլ իր հետ է տանում։ Ես ճանաչում եմ մեր քաղաքացիներից մեկին, որի համար պատմում էին, թե նրա տան մեջ բնակվում էր մի օձ, որ ամեն գիշեր ածում էր իր բույնի առջև սխտորի կճեպներ. տանեցիքը հավաքում էին, պահում և առավոտյան տեսնում էին, որ բոլոր կճեպները զուտ ոսկի էին դարձել։ Մի անգամ տանեցիներից մեկը, որ հիմար էր, խփեց, կտրեց օձի ձագերից մեկի պոչը, օձը բարկացավ, էլ այնուհետև չերևեցավ, նրանք զրկվեցան ոսկուց և սկսեցին հետզհետե աղքատանալ։

Տիկին Մարիամը և իր հյուրերը երկար խոսում էին այս տեսակ սնահավատությունների վրա, և գիշերը աննկատելի կերպով անցնում էր։ Հետո նրանք կրկին դարձան դեպի աղայի խորհրդավոր մահը։

— Բայց ի՞նչ ասաց բժիշկը, երբ մյուս օրը եկավ մարմինը քննեց,— հարցրեց կնիկներից մեկը։

— Նա պատասխանեց, թե կաթվածք է ստացել,— պատասխանեց տիկին Մարիամը։

— Հո՜ղը նրանց գլխին, նրանք ի՛նչ են հասկանում այս տեսակ բաները...

Է

Միքայելը, ավելի քան հինգ տարի բացակա լինելով Մասիսյանների տնից, վերջապես վերադարձավ այնտեղ։ Այս հինգ տարվա ընթացքում նա գլխավորապես բնակվել էր Մոսկվայում, ամեն տարի ներկա էր գտնվել Նիժնի-Նովգորոդի տոնավաճառին և մի