Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աներևույթ պաշտպանից մնացել էր աղայի ձեռքում մի ոսկի փետուր միայն...

Եվ համեմատելով այդ տեսիլքի երազական ալեգորիան իրականության հետ, նամակագիրը ավելացնում էր.— «Ոսկի աքաղաղից» մնաց ձեր հոր ձեռքում մի ոսկի փետուր միայն... այնպես էլ «ոսկի աքաղաղի» արտադրած հարստությունից կմնա նրա ժառանգների ձեռքում մի փոքրիկ մասը միայն... Բայց ի՞նչ էր իսկապես այդ «ոսկի աքաղաղը», որ իշխում էր ձեր ընտանիքի բախտավորության վրա, որ իր բարերար ազդեցությամբ հաջողեցնում էր ձեր հոր գործերը, ուրիշ ոչինչ, բայց միայն խաբեությունը, խորամանկությունը, խարդախությունը, անազնվությունը և այլ անբարոյական հատկություններ, որոնք մարմնացած և մի աներևույթ ոգու կերպարանք ստացած, տիրում էին գործերի վրա... Մեռավ հմուտ գործադրողը, նրա հետ և մեռավ «ոսկի աքաղաղը»... Ես այսպես եմ բացատրում ձեր տոհմային հին ավանդության իմաստը, թող սնահավատները այլապես մտածեն»։

Իր նամակի վերջում Միքայելը տեղեկություն էր տալիս Ստեփանի մոր և քույրերի մասին և երկար խոսում էր Հռիփսիմեի մասին, թե որքան գեղեցկացել էր նա և որքան շնորհալի աղջիկ էր դարձել և այլն։

Նամակը կնքում էր նա, երբ ներս մտավ տիկին Մարիամը. նա տխուր դեմքով եկավ, նստեց Միքայելի մոտ։

— Գրեցի՞ք Ստեփանին, որ շուտ գա, չուշանա,— հարցրեց նա։

— Իմ գրելը ավելորդ էր, նա կգա, երբ իր գործերը կվերջացնե,— պատասխանեց Միքայելը։

— Ա՜խ, ի՞նչ կլինի մեր վերջը մինչև նրա գալը...

— Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի. Ստեփանը ինքը ձեզ համար մի մեծ հարստություն է, ուրիշ ի՞նչ եք ուզում. բախտավորություն է այնպիսի որդի ունենալ։

— Ես ձեր խոսքերին հավատում եմ,— պատասխանեց տիկինը մի փոքր մխիթարվելով.— ես կցանկանայի աղքատ լինել, օրական հացի կարոտ լինել, միայն նա ինձ մոտ գտնվեր... ես վախենում եմ մեռնել առանց նրան տեսնելու...

— Կտեսնեք, շուտով կտեսնեք, տիկին, նա ձեզ կարոտ չի թողնի։

— Մեր մասին ի՞նչ գրեցիք...

— Շատ բան գրեցի... ամեն ինչ գրեցի...

— Գրեցի՞ք, որ «ոսկի աքաղաղը» մեռավ։