Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրեցի...

— Ա՜խ, այդ ինչ դժբախտություն է...— հառաչելով գոչեց տիկինը և թաշկինակը սեղմեց աչքերին։

— Բայց Ստեփանը մի նոր բախտ, մի նոր «ոսկի աքաղաղ» կստեղծի ձեզ համար, որը այն չի լինի, ինչ որ էր առաջ...— պատասխանեց Միքայելը։

Տիկինը ուրախացած դուրս գնաց։

Այն օրից, որ եկել էր Միքայելը, Գայանեն և Հռիփսիմեն մի անգամ ևս առիթ չէին ունեցել տեսնվելու և խոսելու նրա հետ. երբեմն հեռվից միայն տեսնում էին, բայց հենց որ նա մոտենում էր, նրանք փախչում, մտնում էին իրանց սենյակը։ Միքայելը չէր զարմանում այդ օտարոտի վարմունքի վրա, որովհետև իր երկրի սովորությունն իրան վաղուց հայտնի էր։ Տարիներով միասին ապրած, միասին մեծացած, երկու քույրերն և ընտանեցած Միքայելը այժմ այն աստիճան խորթացել և օտարացել էին, որ չէին կամենում ճանաչել միմյանց։ Իսկ այդ խորթությունը առաջ չէր գալիս Միքայելի մի քանի տարվա բացակայությունից, այլ նրանից, որ նա այժմ բավական աճել և չափահաս էր դարձել, և երկու աղջիկներն ևս գտնվում էին այն հասակում, որ նրանց այժմ անպատշաճ էր թողնել օտար տղամարդի մոտ։ Եվ այս պատճառով, հենց առաջին օրը, երբ եկավ Միքայելը, նրանց մայրը պատվիրեց աղջիկներին․

— Գիտե՞ք ինչ կա, թեև Միքայելը ձեր եղբոր տեղն է, բայց հիմա դուք մեծ աղջիկներ եք դարձել, ձեր հասակում ամոթ է, որ աղջիկը մեծ տղի հետ խոսե։

Երկու քույրերը մի քանի օր պահեցին հիշյալ պատվերը, բայց հետո նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի խոսակցություն, որ շատ նման էր բողոքի։

— Գիտե՞ս, Գայանե, այսօր Միքայելը գալիս էր դրսից, ես կանգնած էի փողոցի դռան մոտ, դուռը զարկեց, ես բաց արի, «բարով, Հոիփսիմե», ասաց ինձ ժպտալով, բայց ես ոչինչ չպատասխանեցի։ Նա գլուխը քարշ գցեց և անցկեցավ, գնաց իր սենյակը։ Հետո ես ա՛յնքան ամաչեցի, ա՛յնքան ամաչեցի... ա՜խ, հիմա ի՞նչ կմտածե նա. չի՞ ասի՝ այս աղջիկը իստակ հիմար է։

— Չի ասի,— պատասխանեց Գայանեն սառնությամբ,— նա մեր երկրի սովորությունը լավ է իմանում։

— Ի՞նչ սովորություն,— հարցրեց Հռիփսիմեն մի փոքր զարմացած կերպով.— մի՞թե Միքայելը մեզ համար օտար է, ինչո՞ւ չպետք է խոսենք նրա հետ։