Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օտար չէ, Հռիփսիմե, քույրիկ, բայց ի՞նչ կասեն ուրիշները։

— Ի՞նչ պիտի ասեն, ո՞վ ինչ գործ ունի, եթե մենք մեր տան մեջ կխոսենք մեր տան տղի հետ։

Գայանեն նկատելով քրոջ վրդովմունքը, որ առաջ էր եկել այն օրվա Միքայելի հետ հանդիպելուց, իր խոսքերի մեջ ընդունեց ավելի խրատական ձև, պատասխանելով.

— Ճշմարիտ է, մենք մեր տան մեջ ում հետ որ խոսելու լինենք, այդ ոչ ոքի չէ վերաբերում, բայց դու չե՞ս իմանում, որ տան պատերն էլ ականջ ունեն, ինչ որ լսեն, խաբարը, որտեղ ասես, կտանեն։

— Հա՛ թող տանեն, ի՞նչ կա։

— Այն ժամանակ մեր անունը կկոտրվի, հազար տեսակ բամբասանքներ կշարադրեն մեր մասին։

— Ախար Միքայելը մեր եղբոր տեղն է։

— Հա՛ թող լինի, օտար հոր որդի է։

— Ուղիղն ասեմ քեզ, Գայանե, ես շատ եմ ուզում, որ խոսեմ Միքայելի հետ. տեսնո՞ւմ ես, ինչ շնորհքով տղա է դարձել։

— Տեսնում եմ...— պատասխանեց Գայանեն խորհրդավոր ձայնով։

— Ես կարծում եմ՝ նրա հատը չկա մեր քաղաքում։

— Չկա...

Այս խոսակցության միջոցին վրա հասավ նրանց մայրը, և երկու քույրերը իսկույն լռեցին։

Ը

Անցավ ձմեռը, անցավ գարունը, անցավ վեց ամիս այն օրից, որ վախճանվել էր աղան։ Օրը կիրակի էր։ Այն օրը նշանավոր էր Մասիսյանների համար նրանով, որ այսօր պետք է նրանք դուրս գային սգից, պետք է փոխեին իրանց սևերը և հագնեին սովորական հագուստ։ Իսկ Միքայելի համար նշանավոր էր նրանով, որ Գայանեն և Հռիփսիմեն այսօր առաջին անգամ պետք է հագնեին այն հագուստը, որ ինքը կարել էր տվել նրանց համար և բերել էր Մոսկվայից։

Կնիկների մի բազմություն առավոտյան վաղ եկել էին Մասիսյանների տունը կատարելու հիշյալ ծեսը. նրանց սևերը փոխեցին,