Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո եկեղեցի տարան, այնուհետև գնացին հանգուցյալ աղայի գերեզմանի վրա հոգեհանգիստ կատարելու։ Գերեզմանատանից գնացին Մասիսյանների այգին, որ հեռու չէր այնտեղից, որովհետև վճռված էր այգում ճաշել։ Գայանեն և Հռիփսիմեն իրանց նոր հագուստի մեջ հիանալի էին։ Կնիկների հասարակության մեջ բացի Միքայելից մի ուրիշ տղամարդ չկար. նա էլ հեռվից-հեռու էր գնում և նրանց խմբի մեջ չէր խառնվում։

Մտնելով այգին, հյուրերը հավաքվեցին ճյուղերից հյուսված տաղավարի մեջ, որ հովանավորված էր ծիրանի ահագին ծառերով։ Այնտեղ տիկին Մարիամը սկսեց զբաղվել կերակուրների պատրաստությամբ, և հասակավոր հյուրերից մի քանիսը, որպես ընդունված է տնից դուրս ճաշելու ժամանակ, սկսեցին օգնել նրան, իսկ ոմանք, որոնք մանկահասակներ էին, գնացին այգին պտտելու և միրգ ուտելու, մինչև սեղանը պատրաստ կլիներ։ Բայց Գայանեն և Հռիփսիմեն, մի խումբ աղջիկների հետ միացած, բաժանվեցան կնիկներից և սկսեցին այգու մի ուրիշ կողմը զբոսնել։

Միքայելին զգալի եղավ իր դրության անտանելիությունը. ոչ ոք չէր մոտենում նրան բացի պառավ կնիկներից, որովհետև նա տղամարդ էր, որովհետև ջահել աղջիկների և մանկահասակ հարսների հարակցությունը նրա հետ անպատշաճ էր։ Նա առանձնացավ այգու մի հեռավոր կողմը և այնտեղ գտավ ծերունի այգեպանին։

— Բարև, Խաչո։

— Աստծո բարին քեզ, աղա։

— Ծառերի պտուղները այս տարի սակավ են երևում, այսպես չէ՞, Խաչո։

— Մեր մեղքից խաղողն էլ պակաս է, աղա,— պատասխանեց այգեպանը ներքին դժգոհությամբ։

— Ի՞նչ է պատճառը։

— Ո՞վ է իմանում... աստված գիտե... բայց ես իմ կարճ խելքով այսքան գիտեմ, որ այն օրից, երբ Պետրոս աղան վախճանվեցավ, աստծո խեր-բարաքյաթը այս այգուց վերացավ։ Բայց առաջ պետք էր տեսնել, կատարյալ դրախտ էր այդ այգին. ծառերի ճղներր այնքան ծանրանում էին պտուղներից, որ պետք էր ամենի տակին նեցուկ տալ, որ չկոտրվեին, խաղողը խո չափ չուներ. ամեն եկող-գնացող ուտում էր, տանում էր, էլի մնացածով ամեն տարի հարյուր կարասից ավելի գինի էինք լեցնում, բայց հիմա ի՞նչ կա...

—Ես կարծում եմ,— պատասխանեց Միքայելը,— այս բոլորը