Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանից է, որ այս տարի ծառերի տակը չես բրել տվել, Խաչո, խաղողի որթերն էլ, տեսնում ես, խոտի մեջ կորել են, քաղհան չես անել տվել։

— Չէ, աղա, դրանից չէ։

— Ապա ինչի՞ց է։

— Դու, երևի, չե՞ս լսել այն դժբախտությունը։

— Ո՞ր դժբախտությունը։

— «Ոսկի աքաղաղի» մահը...

— Լսել եմ...

— Հիմա իմացա՞ր, նրանից է։ նա երբ մեռավ, ամեն բան տակնուվրա ելավ, ոչ ծառն է պտուղ տալիս, ոչ որթը՝ խաղող. կարկուտը մեկ կողմից, թրթուրը մյուս կողմից սկսեցին փչացնել բոլորը։

Միքայելը ոչինչ չպատասխանեց։

— Ավելի քան քսան տարի ես այս այգում ծառայում եմ,— շարունակեց ծերունի այգեպանը.— բոլոր ծառերին այնպես եմ սիրում, որպես իմ զավակներիս. տես, այս մատներովս եմ պահել, մշակել և հասցրել բոլորը (նա ցույց տվեց իր կոշտացած մատները), բայց հիմա, ուղիղն ասած, սիրտ չէ մնացել ինձանում, ամեն բան աչքիցս ընկել է, մանավանդ այն օրից, երբ ականջիդ հասավ այն ցավալի լուրը...

— Ի՞նչ լուր։

— Ասում են, այս այգին պիտի ծախվի պարտքի տեղ. հենց որ լսեցի, կարծես սրտումս մի դանակ ցցեցին։ Ո՞վ էր տեսել մի այսպիսի բան։ Հանգուցյալ աղայի հարստությունը այնքան շատ էր, որ եթե Արազի առջևը լցնեիր, ջուրը կկանգնացներ. ի՞նչ եղավ, ո՞րտեղ կորավ, որ հիմա այգին էլ են ծախում։

— Չի ծախվի, Խաչո, դարդ մի արա,— մխիթարում էր նրան Միքայելը։

— Ա՜խ, Խաչոն կմեռնի, եթե այս այգին ծախվի,— պատասխանեց նա հառաչանքով և կոշտացած ձեռքով սկսեց սրբել աչքերի արտասուքը։

Խաչոյի տխրությունն առանց պատճառի չէր. այգու վրա արդեն կապանք էր դրված պարտքի փոխարեն վաճառելու համար, բայց Միքայելի աշխատությամբ աճուրդը մի քանի ամսով ետ էր ձգած։

Միքայելը, ոչ սակավ տրտում, քան թե ծերունի այգեպանը, մի քանի մխիթարական խոսքեր ասավ նրան և հեռացավ։