Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ իմանում, Նազանի, խաչը վկա, չեմ իմանում։

— Բայց դու սիրում ե՞ս։

— Ես...

«Եսի» պատասխանը Միքայելը չլսեց։ Նրանք անցան։ Բայց այս խոսակցությունը սաստիկ ազդեց Միքայելի վրա։ Մինչև այն օր հանգուցյալ աղայի գործերը և նրա անբախտացած ընտանիքի հոգսերը այն աստիճան զբաղեցրել էին Միքայելին, որ նա երբեք ժամանակ չէր ունեցել խոսելու իր հոգու և սրտի հետ։ Մինչև այնօր նա մի անգամ ևս չէր հետաքրքրվել Հռիփսիմեով, միանգամ ևս, ինչպես ասում են, մուշտարու աչքով չէր նայել նրա վրա։ Բայց այսօր նա առաջին անգամ տեսավ նրան, որպես պետք էր. այսօր Հռիփսիմեն երևաց նրան իր գեղեցկության բոլոր հրապուրանքով, այսօր նա կախարդելու չափ աննման էր։

Կեսօրից բավական անցել էր. ժամանակ էր ճաշելու. և ամեն կողմից աղջիկների ու կնիկների բազմությունը սկսեցին հավաքվել տաղավարի մոտ, ուր պատրաստ էր սեղանը։ Միքայելը սպասում էր երկու ծանոթների, որոնք խոսք էին տվել գալ այգին և նրա հետ միասին ճաշել։ Վերջապես հայտնվեցան նրանք։ Միքայելը իր քայլերը ուղղեց դեպի նրանց կողմը։ Նրանք երկու աստիճանավոր էին, որ ծառայում էին դատարանում։

— Մենք ուշացանք, այնպես չէ՞,— ասաց նրանցից մեկը սեղմելով Միքայելի ձեռքը։

— Շատ չեք ուշացել, կնիկները դեռ նոր են նստել սեղան,— պատասխանեց Միքայելը, ձեռքը մեկնելով դեպի տաղավարի կողմը և ցույց տալով նրանց։

— Օ՜-հո, ինչ ահագին բազմություն է,— բացականչեց աստիճանավորներից մեկը,— բա՛ մենք նրանց հետ չե՞նք ճաշելու։

— Շատ ցանկալի կլիներ, բայց ո՞վ կթողնե,— ասաց Միքայելը, և միևնույն ժամանակ նրա տխուր դեմքի վրա երևացան մի տեսակ ցնցումներ։

— Ասացեք, խնդրեմ, այս ի՞նչ բանի նման կլինի, երբ մենք առանձին պիտի ուտենք, նրանք առանձին։

— Իմ կարծիքով, մի առանձին հաճություն էլ չէ կարելի զգալ մեր կանանց հասարակությունից. ի՞նչ կարող ես խոսել. ոչ դու նրանց կհասկանաս, ոչ նրանք քեզ. պիտի լուռումունջ նստես ու նայես երեսներին։ Մենք ավելի կխանգարենք նրանց քեֆը, եթե, խառնվելու լինենք նրանց մեջ։

Այսպես խոսելով, Միքայելը հյուրերի հետ դիմեցին ահագին