Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանձենու տակը, ուր նրանց համար առանձին սեղան էր պատրաստված։ Ծերունի այգեպանը սպասավորի պաշտոն էր կատարում։

Սեղանի վրա խոսակցությունը ըստ մեծի մասին Մասիսյանի մահվան, «ոսկի աքաղաղի», Սիմոն Յագորիչի և աղայի գործակատարների չարագործությունների մասին էր, որոնք այն ժամանակ հասարակաց խոսակցության առարկա էին դարձել։

— Գիտե՞ք, Միքայել,— ասաց ծառայողներից մեկը.— նրանց չորսին էլ այսօր կալանավորեցին, այժմ բանտումն են։

Խոսքը Սիմոն Յագորիչի և Մասիսյանի երեք գործակատարների մասին էր։

— Այժմ շատ ուշ է...— պատասխանեց Միքայելը սառնությամբ։— Դրան ասում են «հարսանիքից հետո երաժշտություն», որովհետև կողոպտած ապրանքների մեծ մասը արդեն ոչնչացրել են։

— Բայց նրանք Սիբիր կկորչեն։

— Ի՞նչ օգուտ, դրանով Մասիսյանի զավակների փորը չի կշտանա։

— Զարմանալի է, ես մինչև այսօր երևակայել չեմ կարող այս տեսակ ավազակություն։

— Զարմանալին այն է, որ ավազակները այսքան ժամանակ պաշտոնավարում էին...— պատասխանեց Միքայելը դառն վրդովմունքով։— Ես այնքան չեմ ցավում, որ այդ չարագործները դատարկեցին Մասիսյանի հարուստ կրպակները, բայց ամենամեծ կորուստն այն է, որ գողացան մի արկղ լի պարտամուրհակներով և, չնչին վարձատրություններ ստանալով, տվեցին Մասիսյանի պարտականներին, այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ հանգուցյալի անունով կեղծ պարտամուրհակներ շինեցին և տվեցին այս և այն խաբեբայի ձեռքը։ Այս գործը մի այնպիսի բաղադրյալ քրեական գործ է, որ եթե օրինավոր կերպով քննվելու լինի, շատերը կմերկացվեն, որոնց վրա դեռևս ոչ ոք կասկած չէ տանում...

— Իսկ այդ անպիտանները ի՞նչ արեցին այնքան փողերը։

— Չե՞ք լսել՝ «գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ»։ Փողերը տվեցին իրանց նման գողերին, որոնք նրանց պաշտպանում էին... Մասիսյանի տունը քանդվեցավ և նրանից տասը-քսան տուն շինվեցավ...

— Ուրեմն այդ ընտանիքը բոլորովին կաղքատանա։

— Դեռևս չգիտեմ...— եղավ Միքայելի խոսքը։