Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թ

Հռիփսիմեի վերքը անվնաս էր. բժշկի հետազոտությունից երևաց, որ նա առաջ էր եկել շան ճանկռտելուց և ոչ կծելուց։ Մի շաբաթից հետո նա կարողացավ ոտքի կանգնել, բայց տակավին իրան թույլ էր զգում. դեմքը գունաթափվել էր, և աչքերի մեջ փայլում էր, կարծես, մի տեսակ շրջմոլիկ հուր։

Հռիփսիմեի թևքի վերքը բժշկվեցավ, բայց նրա փոխարեն բացվեցավ մի ուրիշ վերք անմեղ աղջկա սրտումը, մի վերք, որ առաջ է գալիս Աստղիկի որդու սուր սլաքից...

Մինչև այն օր անխոցելի էր մնացել Հռիփսիմեի սիրտը, իսկ այժմ սկսեց տանջել նրան մի անորոշ, մթին զգացմունք, որ ինքն էլ չգիտեր, թե որպես պետք էր բացատրել։ Նա միշտ տխուր էր, միշտ լուռ էր և միշտ աշխատում էր փախչել ընկերությունից և առանձնանալ, և շատ անգամ ակամա արտասուքը թաց էր անում նրա գեղեցիկ, սևորակ աչքերը։

Տիկին Մարիամը չէր կարող չնկատել իր սիրելի դստեր հանկարծակի փոփոխությունը. «Ի՞նչ է պատահել քեզ, աղջի»,— հարցնում էր նա։ «Ոչինչ»...— լինում էր Հռիփսիմեի սովորական պատասխանը։

Քույրերը ավելի մտերիմ են լինում և շատ անգամ բաց են անում միմյանց առջև իրանց սրտերը։ Այն գաղտնիքը, որին չկարողացավ հասնել մայրը, աշխատեց բաց անել երեց քույրը՝ Գայանեն։

— Այդ ի՞նչ է, Հռիփսիմե, աշնան տերևի նման օրըստօրե դեղնում ես,— մի օր հարցրեց նա, երբ միասին նստած էին իրանց տան պարտեզում։

— Ես էլ չեմ իմանում, քույրիկ,— պատասխանեց Հռիփսիմեն, գլուխը դեպի ցած խոնարհեցնելով։

— Չէ, մի բան կա, դու չես ուզում ինձ ասել. մի բան կա, ես իմանում եմ...

Հռիփսիմեն ոչինչ չպատասխանեց և տակավին գլուխը քարշ գցած, մատներով խաղում էր խոտերի հետ, աշխատելով ցրվել իր սրտի ամբոխմունքը...

— Դու խո ոչինչ չես ուզում ինձ ասել, Հռիփսիմե, հենց գիտես, որ ես չեմ իմանում,— խոսեց Գայանեն կատակի ձև տալով իր խոսքերին,— ուզո՞ւմ ես բոլորը ասեմ։

— Ի՞նչ ասես։