Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասեմ, թե ինչու ես այսպես մաշվում։

— Չեմ ուզում լսել, ոչինչ մի ասա,— պատասխանեց Հռիփսիմեն, վեր կացավ և կամենում էր հեռանալ։

— Նստի՛ր, մի գնա՛,— բռնեց նրա ձեռքից Գայանեն։

Հռիփսիմեն դարձյալ նստեց քրոջ մոտ։ Գայանեն շարունակեց.

— Հոիփսիմե, քույրիկ, ինչո՞ւ ես ամաչում, ինչո՞ւ ես թաքցնում ինձանից քո ցավը, ես իմանում եմ, որ դու մեկին սիրում ես...

Հռիփսիմեն դարձյալ լուռ մնաց, միայն նրա գունաթափ դեմքի վրա երևաց թեթև կարմրություն, նրա աչքերը վառվեցան և այդ նազելի, անխոս աչքերը ամեն ինչ հայտնեցին հետաքրքիր քրոջը։ Գայանեն գրկեց նրան և համբուրեց։ Կրտսեր քույրը գլուխը բարձրացրեց իր մտերմի գրկից և սկսեց խուլ կերպով լաց լինել։

Երբ մի փոքր հանգստացավ, խոսեց նա։

— Քույրիկ, խաչը վկա, որ չեմ իմանում, արդյոք սիրում եմ թե ոչ։ Բայց այն օրից, երբ պատահեց այն անցքը, երբ կատաղած շունը քիչ էր մնացել, որ ինձ պետք է պատառ-պատառ աներ, ես հանգիստ չեմ։ Թե արթուն եմ լինում և թե քնած, միշտ նրան եմ տեսնում... և միշտ նրա հետ խոսում...

— Բայց արթուն ժամանակը նրա հետ չես խոսում,— նկատեց մեծ քույրը ժպտելով։

— Մտքումս խոսում եմ...— պատասխանեց Հռիփսիմեն,— բայց հենց որ տեսնում եմ նրան, ուզում եմ խոսել, մի բան ասել, լեզուս կապվում է, չեմ իմանում, թե ինչ պետք է ասել... Կարծես նա էլ ինձանից փախչում է, և այդ ավելի է տանջում ինձ... Տեսնո՞ւմ ես, վերջին օրերում նա խիստ ուշ է վերադառնում տուն և եկածին պես մտնում է իր սենյակը և դռները փակում։ Առավոտյան խո նրա երեսը չես տեսնի...

Երկու քույրերի խոսակցությունը Միքայելի մասին էր։ Նրանք երկար և երկար խոսում էին այսպես, մինչև երեկոյան վերջալույսը սկսեց հետզհետե աղոտանալ, և ծառախիտ պարտեզի մեջ տիրեց գիշերային մթությունը։ Նա ամառային այն խաղաղ և փափուկ գիշերներից մեկն էր, երբ ցերեկվա խեղդող տոթից հետո մարդը կազդուրվում է, ազատ է շնչում, զգալով մի տեսակ ոգևորիչ զվարճություն։ Երկու քույրերը դեռ նստած խոսում էին։ Բայց չէին նկատում, որ մեկը ծառի ետևից լսում էր նրանց։

— Գնանք տուն,— ասաց Գայանեն կանգնելով։