Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սերը ծածկել չէ կարելի, նա ինքն իրան կհայտնվի, որքան էլ մարդ ծածկամիտ լինի, իրան պահել չէ կարող։ Լսիր, մայրիկ, պետք է աշխատել անպատճառ այս բանը գլուխ բերել…

Մի քանի րոպեի մեջ ուրախությունը և տրտմությունը փոփոխակի կերպով արտահայտվում էին տիկին Մարիամի բազմահոդ, դեմքի վրա. նրա սիրտը բաբախում էր, որպես մի տերև, որ դողդողում է քամուց։

— Միթե կարելի՞ է բանը գլուխ բերել,— հարցրեց նա, ինքն էլ իր խոսքերին չհավատալով։— Ես, իրավն ասած, Նունե, բոլորովին շվարած եմ, չեմ իմանում, թե ինչ պետք է անել… Ա՜խ, եթե — տերը մի արասցե — Հռիփսիմեն իր բաղձանքին չհասնի, ա՜խ, ինչ կլինի նրա վերջը…

— Դու անհոգ կաց, մայրիկ, նրանք իրանց բանը կշինեն,— պատասխանեց Նունեն ավելի փորձված և ավելի գործագետ կնոջ վստահությամբ.— միայն պետք է թող տալ իրանց կամքին, այն ժամանակ «ջուրը իր ճանապարհը կգտնե…»

— Դժվար է,— պատասխանեց մայրը կասկածավոր կերպով,— շատ դժվար է. հիմա Միքայելին ձեռքից-ձեոք խլում են, ամեն կողմից աղջիկներ են առաջարկում, և ի՞նչ աղջիկներ, հարուստ տներից և ահագին բաժինքներով։ Բայց մենք ի՞նչ ունենք… այն ուրիշ բան կլիներ, եթե աղան կենդանի լիներ, եթե մենք մեր առաջվա վիճակի մեջ լինեինք…

Եվ անբախտ կնոջ աչքերից վերջին խոսքերի հետ գլորվեցան արտասուքի խոշոր կաթիլներ։ Նունեն սկսեց սիրտ տալ նրան։

— Ես չեմ կարծում,— ասաց նա,- որ Միքայելը փողի մտիկ տա. Հռիփսիմեն նրա համար մի մեծ հարստություն է։

— Է՜հ, որդի, բոլոր աշխարհը փողի վրա է մտիկ տալիս։ Տեսնում ե՞ս, հիմա մեզ վրա ոչ ոք չի ուզում նայել, բայց աոաջ… Առաջ պատիվ էին համարում, երբ մենք խոսում էինք մեկի հետ, երբ մենք մեկին արժանացնում էինք մեր հայացքին։

— Այդ ճշմարիտ է, բայց ես դարձյալ կասեմ, մայրիկ, որ Միքայելը փողով խաբվող չէ. նա, ինչպես ասում են, ինքը բավական փող ունի։

— «Ավել պատառը փոր չի ծակում», իմանում ե՞ս։ Փողից ո՞վ է կշտացել, որ նա կշտանա։

— Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ այս բանը գլուխ կգա,— պատասխանեց Նունեն։- Պետք չէ հուսահատվել։

— Տեսնենք…— ասաց մայրը դարձյալ հուսահատ կերպով:— Տեսնենք աստված ի՛նչ կհաջողե։