Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներս մտան Գայանեն և Հռիփսիմեն բավական ուրախ դեմքերով․ մոր և երեց դստեր մեջ խոսակցությունը ընդհատվեցավ։

Նույն միջոցին Միքայելը մենակ էր իր սենյակում, նրա սեղանի վրա դրած էր մի բաց նամակ, նա կրկին վեր առեց նամակը և սկսեց կարդալ։ Դա նրա մի քանի ամիս առաջ գրած նամակի պատասխանն էր, որ ստացել էր Ստեփանից։

— Բոլոր տողերից արտահայտվում է նրա մեծահոգությունը, խոսում էր Միքայելը ինքն իրան,— այս նամակի մեջ նա նույն խստասիրտ, արհամարհող և մեծամիտ Ստեփանն է, ինչ որ եղել է միշտ։ Ես հայտնել էի հոր մահվան մանրամասնությունները, նրա թողած հարստության ոչնչանալը, ահա ինչ է պատասխանում ինձ. «Ես, որպես բժիշկ, իմ հոր հարստության վրա նայում էի բոլորովին բժշկական կետից։ Երբ հիվանդ մարմնի վրա հայտնվում է թարախով լիքը մի պալար, ես սպասում եմ, որ նա կամ ինքն իրան ծակվի և թարախը դուրս թափվի նրա միջից, կամ գործ եմ դնում իմ նշտարը... Հավաքված նեխությունը կենդանի մարմնի մեջ միշտ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Իմ հոր հարստությունը մի հսկայական պալար էր՝ լցված անմաքուր շարավով և ամբարված ամեն տեսակ ապականություններով։ Նրա գործակատարները, թեև չարամտությամբ, բայց կատարեցին մի տեսակ բժշկի պաշտոն, ծակերին պալարը և դուրս թափեցին փտությունը... Հիվանդը չդիմացավ ցավին և մեռավ... բայց ժառանգները առողջացան»... Մի քանի տողից հետո շարունակում էր, խոսելով գործակատարների մասին. «Հանգիստ թողեք, ի սեր աստծո, այն ողորմելիներին, նրանք հանցավոր չեն, նրանք իմ հոր ամենալավ աշակերտներն են և գեղեցիկ կերպով իրագործեցին նրանից առած դասերը… Ո՞վ սովորեցրեց նրանց գողությունը... ես ցավում եմ այդ ողորմելի արարածների մասին։ Խնայեցեք նրանց»։

Դռները բացվեցան, և ներս մտավ Հռիփսիմեն։

— Հը՛մ, ի՞նչ կա։

— Ընթրիքը պատրաստ է, մայրս խնդրեց, որ շնորհ բերեք,— պատասխանեց նա բեկբեկված ձայնով։

— 0՜ ինչ քաղաքավարի լեզվով ես խոսում դու, Հռիփսիմե, այդ ե՞րբ սովորեցար,— ասաց Միքայելը, նստած տեղից վեր բարձրանալով և մանուկ օրիորդի երկու ձեռքերն էլ առնելով իր ափերի մեջ։

Հռիփսիմեն շառագունեցավ և ոչինչ չկարողացավ պատասխանել։