Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հանաքը մի կողմ մնա, ես դարձյալ զգուշացնում եմ քեզ, Հռիփսիմե, դու շատ վատ ես պահում քեզ. դու դեռ ոչ բոլորովին առողջ ես, կարող ես կրկին հիվանդանալ, երբ այս գիշերվա պես ման կգաս պարտեզում։ Այնտեղ շատ խոնավ է, մանավանդ վերջին անձրևից հետո։

— Դու տեսա՞ր երբ ես ման էի գալիս,— հարցրեց օրիորդը, ուղիղ Միքայելի երեսին նայելով։

— Տեսա՛, Գայանեն ևս քեզ հետ էր. առաջ նստած էիք, հետո վեր կացաք և սկսեցիք ման գալ։

— Երևի դու լսեցի՞ր ևս, թե ինչ էինք խոսում մենք...— հարցրեց օրիորդը թեթև ժպիտով։

— Ես ոչինչ չլսեցի, ես սովորություն չունեմ լրտեսել ջահիդ աղջիկների գաղտնի խոսակցությունը, այդպիսի բան Նունեն է անում...

— Ղո՞րդ,— հարցրեց օրիորդը սուր ձայնով.— ուրեմն նա լսո՞ւմ էր... ա՛յ, սատանա...

Միքայելը, ինչպես սովորաբար ասում են «իզը գտավ», այսինքն՝ իր կորցրած առարկայի հետքերի վրա հանդիպեց։ Անցնելով պարտեզի միջից, իրավ, նա տեսել էր երկու քույրերին միասին նստած և խոսելիս, այլև նկատել էր Նունեին, որ ծառի ետևում թաքնված, ականջ էր դնում նրանց խոսակցությանը։ Այդ դեպքը հետաքրքրեց նրան, և մտածում էր, թե Նունեն առանց առանձին պատճառի մի այնպիսի կասկածավոր դիրք չէր բռնի իր քույրերի վերաբերությամբ։ Իսկ այժմ Հռիփսիմեի շփոթությունը և նրա սիրուն դեմքի ներկը ստուգեցին Միքայելի կարծիքը։

— Տեսա՞ր, որ ես բոլորը իմանում եմ...— դարձավ նա դեպի օրիորդը։

— Դու ոչինչ չես իմանում,— պատասխանեց Հռիփսիմեն ծիծաղելով.— դու ուզում ես ինձանից խոսք քաշել...

— Ի՞նչպես խոսք քաշել։

— Որ գիտենաս, թե ինչ էինք խոսում Գայանեի հետ... բայց ես չեմ ասի... որքան էլ խնդրես, չեմ ասի...

— Դու չես ասի, բայց Գայանեն կասե, նա բարի աղջիկ է։

— Իսկ ես չա՞ր եմ։

— Դու կամակոր ես։

— Լավ, լավ, եկ գնանք, հիմա սպասում են քեզ,— ասաց օրիորդը և բռնելով Միքայելի ձեռքից, համարյա զոռով սկսեց նրան դուրս տանել։