Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շեյխի բանակը, և այլևս չվերադարձավ այնտեղից...

Մի քանի ժամից հետո քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գյուղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, հետս տները դատարկեցին, և նրանց մեջ գտնված իրեղենները բառնալով գրաստների վրա, ճանապարհ դրին։ Երբ գյուղի հետ իրանց հաշիվը վերջացրել էին, մտան վանքը․ այնտեղ էր ամբարված շրջակայքի բոլոր հարստությունը,— սկսեցին դուրս կրել։ Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենևին չէին ազդում հափշտակիչների անգութ սրտերին... ամենափոքր ընդդիմադրությունը պատասխանվում էր սրով և ատրճանակով․․․։

Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սախկալ-Թութանի քաջագործությունից հետո, մի գիշեր դիմեց դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։

Ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ...։

Թ

Մութ գիշեր էր։ Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում. երկինքը ու գետինը, կարծես, միացած էին թանձր-սևաթուր զանգվածով։ Ամեն ինչ լուռ էր. միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև։ Հեռավոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, և որոտման խուլ ձայնը մանր դղրդյուններով տարածվում էր խավարի մեջ թաքնված սարերում։

Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին․ նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար, հետո կրկին բաժանվեցան և առանձին-առանձին սկսեցին դիմել դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքի գյուղը, որ համարյա թե վանքի մոտումն էր։

Գյուղը նույն ժամուն խավար և լուռ էր, և մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ։ Բայց մի տեղից միայն երևում էին լույսի նշույլներ. դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած