Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ, ես գիտեմ, որ դու շնորհալի աղջիկ ես, միայն ցանկանում եմ, որ այստեղ, իմ աչքերի առջև նստած, այնպես կարես։

Օրիորդը առեց կարը և չուռ նստեց լուսամուտի մոտ։

— Բայց կխնդրեմ, որ չխանգարես ինձ,— ասաց նա, սկսելով իր գործը։

— Չեմ խանգարի, միայն կպատմեմ զանազան բաներ, որպեսզի չձանձրանաս։

— Երևի դարձյա՞լ քո ճանապարհորդություններից։

— Այդ հաճելի չէ՞ քեզ։

— Հաճելի է, բայց...

— Բայց ի՞նչ։

— Այնքան չէ գրավում։

Միքայելը մտածության մեջ ընկավ։

— Ապա ի՞նչ կուզես,— հարցրեց նա,— ուզում ես, որ հեքիա՞թ ասեմ։

— Հեքիաթը պառավ կնիկներն են ասում։

— Կպատմեմ, թե ինչպես Եվրոպայում աղջիկները մարդի են գնում։ Կամենո՞ւմ ես։

— Պատմի՛ր։

— Այնտեղ աղջիկները այստեղացոց նման ամաչկոտ չեն, որ տղամարդերից փախչեն, և օրին սիրում են, իրանց սիրտը նրա առջև չբաց անեն։ Այնտեղ աղջիկը ազատ է. սիրած տղի հետ խոսում է, ման է գալիս, պարում է և զանազան զվարճության տեղեր է գնում։

— Հետո նրանց մայրերը ի՜նչ են ասում, չե՞ն արգելում,—ընդհատեց օրիորդը Միքայելի պատմությունը։

— Չեն արգելում, որովհետև գիտեն, որ իրանց աղջիկները այնքան լավ կրթված են, որ մի վատ բան չեն անի, և թող են տալիս, որ աղջիկները իրանք տղին ճանաչեն, նրա բնավորությունը ուսումնասիրեն, նրա սովորությունները, խելքը, բարքը, վարքը, գիտությունը, պարապմունքը, մի խոսքով՝ նրան վերաբերյալ ամեն բան գիտենան, որ չսխալվեն իրանց ընտրության մեջ, արդյո՞ք նա կարող է լինել արժանավոր ամուսին, թե ո՜չ։ Եվ երբ ամեն ինչ իրանց պահանջին համապատասխան են գտնում, այն ժամանակ միայն հայտնում են իրանց սերը, որովհետև ամուսնությունը խիստ ծանր լուծ է, երբ կինը խաբվում է, հետո շատ և շատ անբախտ է լինում...

— Երևի միևնույն քննությունը անում են տղամարդիկ աղջիկների