Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերությամբ,— հարցրեց Հռիփսիմեն խորհրդավոր կերպով:

— Իհարկե անում են։

— Այդ լավ է...

— Ես իմ պատմությունը վերջացրի, Հռիփսիմե, հիմա դու պատմի՛ր, այստեղ աղջիկները ի՜նչպես են փեսա ընտրում:

— Դու խո իմանում ես...

— Մոռացել եմ, լավ չեմ իմանում։

Մանկահասակ օրիորդը սաստիկ ներքին դժվարությամր պատասխանեց.

— Այստեղ աղջկան տղի մոտ չեն թողնում. եթե պատահում է, որ նա մեկին սիրում է, պետք է իր սերը թաքցնի իր սրտում, ոչ ոքի հայտնելու իրավունք չունի... և մինչև անգամ նույն տղին, որին սիրում է...

— Ինչպես դու...— ասաց Միքայելը, առնելով օրիորդի դողդոջուն ձեռները իր ափերի մեջ։

Նա ոչինչ չպատասխանեց, և նրա գեղեցիկ աչքերում երևացին արտասուքի խոշոր կաթիլները։

— Տա՛ր, ինձ էլ տա՛ր այն երկիրը, ուր աղջիկները ազատ են...— ասաց նա, զսպելով իր խորին վրդովմունքը։

— Կտանեմ, Հռիփսիմե, երբ դու իմ կինը կլինես,— պատասխանեց Միքայելը ոչ սակավ այլայլությամբ։— Ասա՛, համաձա՞յն ես։

— Այո...—պատասխանեց օրիորդը խուլ ձայնով։

Միքայելը կամեցավ գրկել նրան, բայց նա թողեց չվերջացրած կարը և շտապով դուրս վազեց նրա սենյակից:

Միքայելը կանգնած մնաց, որպես սառած և քար կտրած։

— Սարսափելի՛ աղջիկ,— ձայն արձակեց նա երկար ապշությունից հետո,— ամեն մի դեպքում երևում է նախապաշարմունք... մի գրկախառնություն, մի համբույր, մի գգվանք անգամ նա մեղք է համարում, քանի որ տերտերը դեռ չէր կարդացել նրա գլխին պսակի ծիսական խոսքերը։

Նույն ավուր երեկոյան պահուն, երբ դեռ նոր մայր էր մտել արեգակը, երբ սկսել էր դրսում ցուրտը սաստկանալ, Միքայելը փակված իր սենյակում և տխուր, մտահույզ կերպով, մեկ-մեկ բերանն էր դնում ընչացքի նորաբույս մազերը և ատամներով կտրատում էր նրանց ծայրերը, կարծես նրանք արգելում էին նրան խոսել և իր սրտի ցավը արտահայտել։ Իսկ սենյակի մյուս կողմում