Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր մթության մեջ. միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռությունը։

Եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ, որտեղից լույս էր նշմարվում, նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան,— գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարակություն միայն․ ո՛չ խաչեր, ո՛չ գրքեր, պատկերներ, ո՛չ ջահեր, ոչինչ չէր երևում․ սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արյունով...։

Տաճարի մի կողմում կապած էին ձիաներ, որ խոտ էին ուտում, իսկ մյուս կողմում նստած էին մի խումբ քրդեր։ Մեջտեղում վառվում էր մի ահագին խարույկ։ Տաճարի մեջ գտնված փայտեղենները — աթոռները, գրակալները, դռները — հետզհետե ջարդում էին և ձգում խարույկի վրա, բոցերը սաստկացնելու համար։ Կրակի մեջ դրած էին մի քանի շամփուրներ և պղնձե թասեր, որոնք այն աստիճան շիկացել էին, որ հազիվ որոշվում էին կարմրած ածուխներից։

Կրակից ոչ այնքան հեռու, թևքերը և ոտները չվաններով կապկապած մերկ սալահատակի վրա, ընկած էին մի քանի մարդիկ, և սարսափելի խռովության մեջ սպասում էին մի դառն ճգնաժամի։ Եթե մի մարդ կցանկանար տեսնել գեհենի դատապարտյալների հուսահատական երեսները,— այդ թշվառների դեմքը նույն օրինակն էր կրում։

Նրանցից փոքր ինչ հեռու, խառնիխուռն կերպով, դիզված էին զանազան իրեղեններ, որ կացուցանում էին վանքի անոթեղենները և նրա նվիրական կարասիքը։

Քրդերից մեկը վեր կացավ և մոտեցավ կապվածներին այս խոսքերով.

— Ասացե՛ք, անհավատներ, էլ ի՞նչ ունեք թաքցրած. ասացեք, մի պահեք, թե չեք ուզում շան նման սատկել։ Տեսնում եք այն կարմրած շամփուրները. ձեզ համար են պատրաստված։

— Աղա, քո ոտներին մատաղ լինե՜նք,— պատասխանեցին կապվածները ողորմելի ձայնով.— հենց էն էր, ինչ որ կար. էլ ուրիշ ոչինչ չէ մնացել, եթե մի բան պահած լինենք, թող աստված մեր աչքերը քոռացնե, թո՛ղ մեր հոգին դժոխքի բաժին լինի։

— Սո՛ւտ եք ասում, անիծված շներ,— գոռաց քուրդը,— այդ վանքում մի թագավորի հարստություն կար. ի՞նչ եղավ։