Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակությունը տեղի է ունեցել 1937 թ. Բոստոնում։ Րաֆֆու այս վեպը թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով: «Խենթը» վեպը լրիվ բնագրով ռուսերեն լույս է տեսել 1901 թ. Թիֆլիսում Ն. Մ. Կարա-Մուրզայի թարգմանությամբ և ապա` 1908 թ. դարձյալ Թիֆլիսում, իսկ 1915 թ. Մոսկվայում լույս է տեսել այդ վեպի վերջին մասը «Վարդանի երազը» վերնագրով:

«Խենթը» եղել և մնում է ամենատարածված և ջերմ ընդունելություն գտած վեպերից մեկը, որովհետև այն գաղափարապես հագեցած և հայրենաշունչ ստեղծագործություն է։ Այդ վեպում Րաֆֆին ամբողջ ուժով և սրությամբ առաջ է քաշել թուրքական բռնակայության դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական ակտիվ պայքարի ծավալման հարցը և հանդես է եկել Ռուսաստանի պրոգրեսիվ դերի և բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի ջատագովությամբ:

«Խենթը» վեպում Րաֆֆին ոչ միայն անողոք քննադատության է ենթարկել թուրքական կառավարությանը, թուրք, քուրդ կեղեքիչներին առհասարակ, այլև միամամանակ ոչ պակաս խստությամբ ծաղկել է ու դատապարտել սեփական հարստահարիչներին, ի դեմս Թոմաս էֆենդիների, Տեր-Մարուքների։ Քուրդ հարսահարիչ Ֆաթթահ-բեկը և հայ կեղեքիչ ու դավաճան Թոմաս էֆենդին վիպասանի կողմից դրված են կողք-կողքի:

«Ի՞նչ զանազանություն կար այդ հայի և Ֆաթթահ-բեկի մեջ, -գրում է Րաֆֆին։ -Այն զանազանությունը միայն, որ մեկը ցած և խորամանկ հարստահարիչ էր, իսկ մյուսը քաջ և մեծահոգի ավազակ»։

Թոմաս էֆենդուն և նրա նմաններին Րաֆֆին հակադրել է հայրենանվեր ու ժողովրդասեր հայ երիտասարդության ներկայացուցիչներին` Վարդանին, Սալմանին (Դուդուկջյան), որոնք իրենց սերն ու անձնական շահերը զոհաբերում են համազգային պայքարի կազմակերպմանը ընդդեմ թուրքական բռնակալության, հանուն հայ ժողովրդի ազատագրության վեհ միսիայի կենսագործման: Րաֆֆին թեև «Խենթի» մեջ լայն տեղ է հատկացնում դրական հերոսներին, քաջ և հայրենասեր անհատներին, բայց և այնպես ազատագրական շարժման հաջողության և հաղթանակի գաղափարը Րաֆֆին կապում է հատկապես ժողովրդի հետ:

«Երբ որևիցե ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորք է միայն, երբ տակավին չէ ընդհանրացել, չէ տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ, մի հարվածով կարելի է ոչնչացնել բոլորը, երբ առաջնորդող անձինքը ոչնչացած կլինեն,—գրում է Րաֆֆին։ Բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է»:

«Խենթը» վեպի միջուկը Վարդանի երազն է, որի մեջ դրսևորվել են Րաֆֆու աշխարհայացքի էական կողմերը։ Վարդանի երազը Րաֆֆու սոցիալական-քաղաքական ուտոպիան է։ Այդ երազի էությունը ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի քաղաքական ազատագրության ձեռքբերման և երջանիկ կյանքի ստեղծման ազնիվ տենչը, չնայած ուղիների որոշման մեջ Րաֆֆին սխալվում է և չի կարողանում ճիշտ ելք առաջադրել։ Այդ երազում ցայտուն ձևով արտահայտվել է Րաֆֆու խոր լավատեսությունը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որ պայմանավորված է եղել վիպասանի այն անդրդվելի համոզմամբ, թե հայ ժողովրդին սպասվում է երջանիկ ապագա` «հանգիստ և բախտավոր» ապրելու համար:

Պատահական չէ, որ «Խենթը» ենթարկվեց լիբերալ-պահպանողական գրչակների, մասնավորապես մոլի ռեակցիոներ Հայկունու ժխտական քննադատությանը, որովհետև «Խենթի» մեջ արտահայտված առաջավոր գաղափարախոսությունը անհանդուրժելի էր Հայկունուն և նրա համախոհներին, մանավանդ որ