Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղա, քո ոտների հողը դառնանք, խղճա մեզ, մի՛ սպանիր... Թո՛ղ աստված մեզ փչացնե, եթե մեր լեզվից սուտ խոսք դուրս գա: Այս էր, ինչ որ մնացել էր. բոլորը տարան, ոչինչ չթողեցին...։ Դուք լավ գիտեք, այս մի քանի օրում այս վանքը քանի՜ քանի՜ անգամ կողոպտվեցավ... ծով լիներ կցամաքեր, սար լիներ, կհալվեր...։

Խոսող քուրդը, որ իր խմբի գլխավորն էր երևում, դարձավ դեպի ընկերներից մեկը.

— Այո գավուրները մինչև շամփուրների համը չտեսնեն, ուղիղը չեն ասելու։ Բերեցե՛ք։

Քրդերից մի քանիսը մոտեցան կապվածներին և սկսեցին մերկացնել նրանց, իսկ մի քանիսն էլ կրակից դուրս բերեցին կարմրած շամփուրները։

— Սկսեցե՛ք,— հրամայեց առաջին խոսողը.— միայն խաչի ձևով, դրանք շատ են սիրում խաչը։

Դահիճները սկսեցին կարմրած շամփուրներով խաչաձև դաղել կապվածների մերկ կուրծքը և նրանց մարմինի ուրիշ մասերը։ Կրակի նման շիկացած երկաթը այրում էր և շղշղալով խրվում էր կենդանի մսի մեջ... և մուխը ճենճային խանձահոտությամբ վեր էր բարձրանում։ Մի փոքր սառած երկաթները կրկին կրակի մեջն էին դնում և վեր էին առնում նորերը։ Դժոխային գործողությունը շարունակվում էր: Թշվառները հառաչում էին, մրմնջում էին, և ցավալի ձայներ էին հանում...։

— Մի՛ անգամով մորթեցե՛ք, սպանեցե՛ք, ի սեր ասատծո. թո՛ղ շուտ մեռնենք,— գոռում էին նրանք։

Այսպես անդադար մրմնջում էին ողորմելիները, բայց գործողությունը դեռ շարունակվում էր, մինչև այլևս հասկանալի չէին խոսքերը, միայն լսելի էին լինում խուլ հառաչանքներ...։

— Բավական է,— հրամայեց խմբի գլխավորը և դարձավ դեպի կապվածներից մեկը, որին դեռ ձեռք չէին տվել։

Այս թշվառականը քահանա էր։

— Քեզ պահեցինք վերջումը, որ քո տանջանքը ավելի փառավոր լինի,— ասաց քուրդը հեգնական եղանակով։

— Տեսնում ես կրակի մեջ այն կարմրած պղնձե թասը. նա թագի շատ նմանություն ունի, նրանով պիտի պսակեմ քո գլուխը, որովհետև քահանա ես։