Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերն էին երևում։ Նրանք հագնված էին քրդի հագուստով և խոսում էին քրդի լեզվով։ Թվով շատ չէին նրանք, բայց այնպես անակնկալ վրա տալով, կարողացան առաջիններից մի քանիսին սպանել և մնացածներին կապելով դուրս տանել: Ո՞ւր տարան, հայտնի չէր: Միայն քառորդ ժամից հետո երկուսը կրկին վերադարձան, և արձակելով քահանայի ու նրա կիսակենդան ընկերների կապանքները, ասեցին նրանց.

— Դեռ բավական գիշեր կա. մինչև արևի ծագելը դուք կարող եք մոտենալ Պարսկաստանի սահմանին. այնտեղ ապահով կլինեք։ Այստեղ կան պատրաստի ձիաներ, բարձեցե՛ք, ինչ որ հավաքված է այստեղ, որ պետք է քրդերը տանեին. և դուք նստեցեք նրանց ձիաները, շուտով ճանապարհ ընկե՛ք։

— Իմ ընկերների մեջ կյանք չէ մնացել,— ասաց քահանան:

— Մեզանից երկուսը ձեզ հետ կգան,— պատասխանեցին անծանոթները։ Քահանան խոնարհվեցավ և կամենում էր գրկել նրանց ոտքերը։

— Այդ հարկավոր չէ,— ասաց նրանցից մեկը,— պատրաստվեցեք շուտ հեռանալու այստեղից։

— Ես չպետք է գիտենամ ո՞վ է ազատում մեզ,— հարցրեց քահանան։

— Ո՛չ, դու չպետք է գիտենաս,— ասացին նրան։

— Եվ ձեր ինչ ազգից լինե՞լը։

— Այս էլ պետք չէ գիտենալ։

Մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ, կապեցին նրանց վրա։ Հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ գրին։

Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց.

— Գոնե թույլ տվեք, օրհնեմ ձեզ։

— Այդ ևս հարկավոր չէ,— ասաց նրանցից մեկը.— միայն դու պատասխանիր, ինչ որ կհարցնեմ քեզ։

— Հարցրե՛ք։

— Այս վանքի գյուղումը ոչ ոք չէ՞ մնացել։

— Մի հոգի էլ չկա:

— Ի՞նչ եղան: