Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի մասը գաղթեց դեպի Պարսկաստան, մի մասը կոտորեցին, մի մասն էլ գերի տարան:

— Դու ճանաչո՞ւմ էիր այս գյուղում ռես Հ... անունով մեկին, որ տանուտեր էր։

— Ճանաչում եմ. ես ինքս Վանքի գյուղի քահանան եմ։

— Գիտե՞ս ինչ եղավ նրա ընտանիքը։

— Տանուտերին սպանեցին, որդիքը տանը չէին, ազատվեցան, բայց աղջկան տարան քրդերը։

Վերջին խոսքը կայծակի նման դիպավ անծանոթի սրտին. նա մի քանի րոպե շփոթության մեջ մնաց, հետո հարցրեց.

— Եթե ասեիր ին՛ձ ո՛ւր տարան, կամ ի՛նչ ցեղից էին քրդերը, քեզանից շնորհակալ կլինեի:

— Թե ուր տարան, այս ես ասել չեմ կարող․ բայց տանողները շիշակների ցեղիցն էին, Չոլախ-Ահմեդի մարդիկը։

— Բավական է,— վերջացրեց անծանոթը։— Հիմա կարող եք գնալ։

Քահանան իր ընկերների հետ հեռացան։ Երկու հոգի անծանոթներից տարան նրանց ճանապարհ դնելու մինչև պարսից սահմանը։ Վանքի տաճարի մեջ մնացին տասներկու հոգի անծանոթներից։ Այն ժամանակ նրանցից մեկը բաց արեց իր կապած դեմքը, երևի, փոքր ինչ ազատ շունչ առնելու համար։ Եվ դեռ վառվող խարույկի լույսով կարելի էր տեսնել Սարհատի մեռելի նման գունաթափված երեսը...։

Նա նստեց կրակի մոտ մի փոքր հանգստանալու համար իր հոգեկան խռովություններից։ Նրա մյուս ընկերները կտրատում էին ահագին վայրենի խոզի մարմինը, անց էին կացնում իրանց հրացանների սումբաների վրա, և խորովում էին, որ ընթրիք պատրաստեն։ Նրանք ուրախ էին. միայն Մըստոն իր կարեկցական աչքերը չէր հեռացնում իր տիրոջ երեսից, և կարծես աշխատում էր կարդալ այն սպանված դեմքի վրա ինչ որ ալեկոծում էր նույն ժամին նրա վշտահար սիրտը։

Անբախտ երիտասարդ, նա ուներ մի մխիթարություն միայն, նրանից ևս զրկվեցավ։ Նա հույս ուներ այստեղ, այս վանքի մոտակայքում գտնել այն նազելի արարածին, որին պատկանում էր իր սիրտը, որին միայն սիրում էր իր համար ատելի աշխարհի մեջ։ Բայց նա չկար, մի դառն վիճակով անհետացել էր նա...

Քաջերի սրտում, կանանց վերաբերյալ, բացի սերից կա և մի ուրիշ զգացմունք, որին բավական անհամապատասխան բառերով