Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչում ենք նախանձ, խանդ, ղեյրաթ.— դա այն զգացմունքն է, որ ցամաք խոսքերով բացատրել անկարելի է։— Դա կնոջ նվիրագործությունը հարգելու մի կիրք է, որի համար հելլենները ամբողջ տասը տարի կռվեցան Տրոյայի պարիսպների տակ։

Սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն, որ կորցրել էր իր սիրելի էակը, այլ առավել նրա համար, որ նա այժմ գտնվում էր անհարազատ և անմաքուր ձեռքերում...։ Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նույն վիճակին էին ենթարկվել, նրանց համար ո՞վ էր հոգացողը։— Գուցե ծնողքը, անբախտ հայրն ու մայրը, եթե կենդանի էին թողել նրանց։ Բայց հոգում է՞ր ազգը, հայ ժողովուրդը։ Ոչ. դրա համար պետք է հելլենական նախանձախնդրություն ունենալ...։

Մտնելով վանքի տխուր կամարների ներքո, Սարհատի սրտում կրկին բաց եղան հին֊հին վերքերը։ Այս սրբարանը խիստ խորին հիշատակներով կացված էր նրա հոգու հետ: Այստեղ անցուցել էր նա իր մանկության ամենաթանկագին տարիները, այստեղ հանձնել էին նրան աղոթող աբեղաների հսկողության ներքո ուսանել` ինչ որ կրոնը և սուրբ գիրքը ներշնչում է մարդու մեջ, ինչ որ հանգցնում է վառ զգացմունքը, մեռցնում է հոգին, բթացնում է միտքը... Եվ միևնույն վանքի պարիսպների մոտ մի գեղեցիկ հրեշտակ ոգևորեց նրան սրբազան հափշտակությամբ, նա կրկին կենդանացրեց վանական ժանտախտից մեռած սիրտը, և փրկարար ձեռքով խավարից դուրս քաշեց նրան և ձգեց լույս աշխարհ... Իսկ այժմ չկար այն հրեշտակը...:

Մինչ թշվառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհությունների մեջ, նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան, որ հիշեցնում էր Հոմերոսի հերոսներին։ Գինին ահագին գավաթներով պտտվում էր ձեռքից ձեռք, և խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից: Նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել Սարհատի ողբալի մտահուզությունը, և այս պատճառով չէին հրավիրում իրանց հետ սեղանակից լինելու։ Բայց նա արթնացավ, երբ Դալի֊Բաբան, բաժակը ձեռին կանգնած և, երեսը դեպի տաճարի բեմը դարձած, ճառում էր այս խորհրդավոր խոսքերը.

«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.—եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք—եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ