Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,— այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի...։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար...— Ո՛վ հայոց հին աստատվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ...»։

Այսպես այս սարսափելի մարդը, որ մի ժամանակ քահանա էր, իսկ այժմ ավազակ, դուրս էր թափում իր սրտի դառնությունները գինու բաժակի վրա, որով ամեն մարդ ուրախ է լինում։

Երբ նա վերջացրուց, վեր կացավ մի ուրիշ ավազակ, որին կոչում էին Քիթաբ-Դալիսի (գրքից խելագարված), որ մի ժամանակ մանկավարժ էր, իսկ այժմ մտել էր Սարհատի արյունախում խումբի մեջ։ Նա հետևելով Դալի-Բաբայի ոճին, այսպես սկսեց իր տոստը.

«Խմում եմ այս բաժակը առանց նվիրելու ձեզ, ով գիր և դպրություն, որովհետև դուք չտվեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կյանքը և իրական աշխարհը։ Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով։ Դուք չծանոթացրիք մեզ մարդկային պահանջների հետ և չտվեցիք այն, որ պետք էր ապրելու և հանգիստ ու բախտավոր ապրելու համար։ Դուք ավելի զարգացրիք մեր մեջ սև նախապաշարմունքը և փակեցիք մեր աչքերը լույսը և ճշմարտությունը տեսնելու համար։ Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մեջ մեռած է ամեն մարդկային բարձր և վսեմ զգացմունք։ Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները և վարժեցրիք տանել բռնության ծանր ու անպատիվ լուծը։ Ձե՞զ ենք պարտական, ով գիր և դպրություն, մեր այժմյան դժբախտություններով.— դուք չտվեցիք մեզ առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզ ճիշտ և իրական գիտությունից, զրկեցիք և կյանքից... Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքը ու հոգին...։ Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կներշնչեն մեզ, որ կնորոգեն մեր սպառված ուժերը և կծանոթացնեն կյանքի իրական պետքերի հետ և կպատրաստեն մեզ մարդ շինել մարդկային բոլոր կատարելություններով»։

Այսպես էր խոսում այն մարդը, որին կոչում էին «գրքից խելագարված»,