Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա կհասներ այն նպատակին, որին դիմում էր ամենայն անձնվիրությամբ։ Հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն. —Ո՞վ ես. ետ քաշվի՛ր։

Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, և ետ նայելով, տեսավ, որ գալիս էր մի ձիավոր։ Նա պատասխանեց.

— Անցի՛ր։

Ձիավորը մոտեցավ, ողջունեց և ապա հարցրեց.

— Բարի լինի, ո՞ւր այդպես։

— Բարի է, փառք աստծու,— պատասխանեց ճանապարհորդը։— Ես Ջաֆար-բեկի հովիվն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից, մեր մատակներից մեկը այս երեկո կորավ, պտռում եմ։

Հետո նա հարցրեց ձիավորին.

— Դու ո՞ւր այդպես, աստված հաջողի, գնում ես։

— Շեյխի բանակը, նամակ եմ տանում։

— Ումի՞ց։

— Սուլեյման-փաշայից։ Բաները վատ են գնում Ղարսի մոտ։

Փաշան կանչեց ու ասաց. — ո՞վ կլինի,որ այս նամակը երկու օրում հասցնի շեյխին, կստանա մի լավ փեշքաշ ու խալաթ: Ես մոտեցա, գլուխ տվեցի ու ասեցի, ձեր ոտքի հողը լինե՜մ. ես կհասցնեմ, իմ արաբացի նժույգը ծտի նման է թռչում։ Նա ձեռքը քսեց մեջքիս, էֆերի՜մ ասաց և տվեց նամակը։

— Հիմա ո՞րտեղ է շեյխը։

— Ես հարցրի, ինձ ասացին, այստեղ մոտիկ Ղանլի-Դարայում (արյունոտ ձոր) է իջևանել,— պատասխանեց ձիավորը։ — Ի՞նչպես է, որ դու չես իմանում։

— Սարի հովիվը ո՞րտեղից կարա իմանալ այս բաները. տեսնում ես, ամեն օր գալիս են, գնում են, մարդ չի իմանում ի՛նչ խաբար է։

— Կրակ ունե՞ս,— հա՛րցրեց ձիավորը.— չախմախիս քարը կորել է, ամբողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դարձել։

— Կգտնվի,— պատասխանեց առաջինը, և ծոցից դուրս բերելով հրահան ու աբեթ, սկսավ զարկել կայծքարին։

Ձիավորը կռացավ, մոտեցրեց չիբուխը, և նա վառած աբեթը դրեց ծխախոտի վրա։ Նույն միջոցին նա առիթ ունեցավ լավ զըննել ձիավորի դեմքը։ Նա շնորհակալություն հայտնեց, և ծխելով քշեց իր ձին: