Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը, նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած։ Ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ, իր հետ քաշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ։ Ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով, մինչև թամքը շուռ եկավ փորի տակը, և նա կանգնեց։ Այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ, բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել: Նա գտավնամակը, որի հասցեն գրած էր շեյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մեջ, հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, և սկսեց վազեցնել դեպի Ղանլի-Դարա, ուր գտնվում էր Ջալալեդդինի բանակը։

Նա հասավ շեյխի բանակը, երբ արևը մտել էր. բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը։ Նամակը նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ, այնպես, որ նամակը կիսով չափ երևում էր։ Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում, մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր, որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին։

— Ի՞նչ մարդ ես,— հարցրեց նրանից բանակի պահնորդներից մեկը։

— Սուրհանդակ,— պատասխանեց նամակաբերը և համարձակ քշեց իր ձին դեպի շեյխի վրանը։

Այդ մարդը Մըստոն էր։

ԺԱ

Բարդուղիմեոս առաքյալի վանքի սարսափելի անցքից հետո, գիշերը վանքում մնալով, իսկ առավոտյան դեռ արևը չծագած այնտեղից հեռանալու ժամանակ, Սարհատը նոր նկատեց, որ Մըստոն չկար։ Նրա ընկերները կասկածանքի մեջ ընկան, մի՛ գուցե պատանի քուրդը մատնեց նրանց։ Նա այնքան խորամանկ էր և հանդուգն, որ ամեն բան սպասելի էր նրանից։

— Ես Մըստոյի ազնվության վրա կասկածել չեմ կարող,— ասաց Սարհատը.— և ավելի այն պատճառով, որ նա քուրդ է: