Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քուրդը կեղծ մարդ չէ. թե՝ թշնամության մեջ, թե՝ բարեկամության մեջ նա իր գույնը չի փոխում:

Բայց Մըստոն ամբողջ երեք օր չերևաց։ Հետո հայտնվեցավ նա։

— Գտա,— եղավ նրա առաջին խոսքը, փաթաթվելով Սարհատի վզին։

— Ո՞ւմ գտար, — հարցրեց Սարհատը շփոթվելով։

— Ասլիին. նրան, որին դու սիրում ես։

Սարհատ ուրախությունից մի տեսակ արբեցության մեջ ընկավ։

Մըստոն մի ըստ միոջե սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, հետո նամակն առնելով, և ինքն սուրհանդակ ձևանալով, շեյխի բանակը մտնելը և այնտեղ գերի աղջկանց թվում Ասլիին գտնելը։

— Դու հաստատ գիտե՞ս, որ նա շեյխի բանակումն է,— հարցրեց Սարհատը վրդոված ձայնով։


— ինչպես չգիտեմ, աչքովս տեսա, հետը խոսեցի,— պատասխանեց Մըստոն ուրախ կերպով։

— Նա ճանաչե՞ց քեզ։

— Հենց որ տեսավ, իսկույն ուզում էր վազել ինձ մոտ, ես նշան արեցի, նա զգուշացավ։

— Ինչպե՞ս կարողացար տեսնել նրան։ Մըստոն պատմեց, թե երբ նամակը տվեց շեյխին, նա հրամայեց մի օր սպասել, մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի։ Նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել։ Այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին, որը կրոնով եզիդի է, որին առաջուց ճանաչում էր։ Նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է, որ նրա համար շիրուխ է լցնում։ Այդ մարդը Մըստոյին տարավ իր մոտ, և որպես իր կրոնակցին ու հայրենակցին, սկսեց հյուրասիրել։ Մըստոն կարող էր նրան հավատալ, որպես իր վաղեմի բարեկամին, և խնդրեց ցույց տալ իրան գերիները, և նրանց մեջ գտավ Ասլիին։ Հետո նրան հայտնեց իր խորհուրդը, ասելով, թե եկել է գողանալու այն աղջկան, թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է։ Մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա։

Սարհատր խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը, դժվարությամբ հավատալով իր ականջներին։ Սա հարցրուց․