Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու հավատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը։

— Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խոսք տվեց, կատարում է իր խոսքը,— պատասխանեց Մըստոն մի աոանձին հպարտությամբ։

Հետո նա ավելացրուց, թե մի գաղտնիք, որ իրան առաջուց հայտնի էր այն մարդու վերաբերությամբ, ավելի առիթ է տալիս հավատալ նրա խոստմունքին։ Այդ մարդու եղբորը,— ասաց Մըստոն,— մի քանի տարի առաջ սպանել տվեց շեյխը. հիմա նա մտել է շեյխի մոտ որպես սպասավոր, որ կարողանա իր եղբոր վրեժը առնել։ Շեյխը չէ ճանաչում, թե նա սպանվածի եղբայրն է կամ կրոնով եզիդի է։

— Այսպիսի մարդուն հավատալու է,— համոզվեցավ վերջապես Սարհատը։— Բայց նա ինչպե՞ս կարող է նրան դուրս բերել բանակից:

— Նա կհագցնի Ասլիին տղամարդի շորեր, և Ասլին ինքը դուրս կգա բանակից։ Մըստոն քիչ խելք չունի, ամեն բան կարգադրել է, ինչ որ պետք է։ Մենք այս գիշեր պետք է պատրաստ լինենք բանակից փոքր-ինչ հեռու մի ձորի մեջ, այնտեղ մի հին տանձենի կա, նրա մոտ։ Ասլիին կգա այնտեղ և մեզ կգտնի։

— Գերիների թիվը շա՞տ է,— հարցրեց Սարհատը մի փոքր մտածելուց հետո։

— Հարյուրի չափ կնիկներ ու աղջիկներ ինքը շեյխը ընտրել է իր համար. մի քանի վրաններ լիքն են, որ կազմված են իր վրանի մոտ։

— Մյուս քրդերը նո՞ւյնպես ունեն։

— Մարդ չկա, որ մի քանի հատ բերած չլինի, շատերին վաճառում են ուշնեցի հրեաները գնում են, որ տանեն կրկին հայերի վրա ծախեն։ Շատ էժան է, մի աղջիկը մի արծաթ մեջիդիայով (1 ռուբլի 20 կոպեկ) կարելի է առնել։

Սարհատի մի փոքր պայծառացած դեմքը կրկին մթնեց, կրկին տիրեցին նրա սրտին դառն ցավերը...

Այս խոսակցությունները Մըստոյի և իր տիրոջ մեջ անց էին կենում առանձին, հեռացած մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ բխում էր լեռնային ապառաժի ճեղքից։ Նույն ժամուն նրա ընկերները պառկած էին ավելի հեռու, խոտերի վրա, գիշերային արշավանքից հանգստանալու համար։ Սարհատը մոտեցավ նրանց, զարթեցրեց