Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հաղորդելով Մըստոյի բերած լուրերը, հայտնեց, թե ինքը պետք է գնա դեպի Ջալալեդդինի բանակը։

— Մենք քեզանից չենք բաժանվի,— պատասխանեցին ընկերները:

ԺԲ

Ղանլի-Դարան, որ նշանակում է արյունոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մեջ գործված բազմաթիվ արյունահեղությանց պատճառով։ Այդ ավազակաց որջը վկա է եղել հազարավոր սարսափելի եղեռնագործությունների. այնտեղից ոչ մի քարավան և ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն ավազակները առանձնանում են հափշտակություններից հետո։ Այնտեղ էր դրել և շեյխը իր բանակը Բայազեդի դժբախտ անցքից հետո, երբ նա հեռացավ պատերազմի դաշտից:

Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճյուղերից մեկը, որին տեղացիք կոչում են Նըհել. դա բաժանում է Աղբակա գավառը Ջոլամերիկից: Գետի ափի մոտ, մի կանաչազարդ տափարակի վրա, մի գիշեր հարյուրավոր տեղերում վառվում էին փոքրիկ խարույկներ, որոնց շուրջը նստոտել էին զինվորված քրդեը, խոսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, և երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ գրած էին խարույկների վրա, կամ դարձնում էին մսի մեծ-մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրա խորովելու համար։ Ամեն տեղ երևում էր ուրախություն, որ արտահայտվում էր կատաղի զվարճություններով։ Վրանների մեջ ճրագներ չէին երևում, ամբողջ բանակը լուսավորված էր խարույկների լույսով։ Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալեդդինի փառավոր վրանն էր:

Բանակից հեռու, մի նեղ ձորի մեջ, որ գոգավորվելով բաժանվում էր Ղանլի-Դարայից, թմբուկի ձայն էր լսվում, և քրդի զուռնան հնչում էր «ջանիմանի» եղանակով։ Նույն ժամուն մի խումբ ձիավորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նվագածությունը։

— Այստեղ մի բան կա,— ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով։

— Ես Էլ այսպես եմ կարծում,— պատասխանեց մի ուրիշը: